Վրաստանի գլխավոր դատախազը բացառում է Վրաստանի խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախկին ղեկավար Գիվի Թարգամաձեի արտահանձնումը, ով այսօր՝ փետրվարի 14-ին, մեղադրյալ է ճանաչվել Ռուսաստանում անկարգությունների կազմակերպման գործով եւ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Վրաստանի դատախազությունում նաեւ հայտարարել են, որ քաղաքական գործչի նկատմամբ քրեական հետապնդման մասին որոշում կկայացնեն ՌԴ Քննչական կոմիտեին ուղղված հարցման պատասխանն ստանալուց հետո։
«Թարգամաձեն Վրաստանի քաղաքացի է եւ, ըստ Սահմանադրության, բացառվում է նրա հանձնումը ռուսական կողմին»,-հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Խաթունա Փայչաձեն։
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության լիդերներից մեկը, խորհրդարանի նախկին փոխխոսնակ Միխայիլ Մաչավարիանին, ի պատասխան լրագրողի հարցի, թե հնարավո՞ր է, որ Թարգամաձեի հանձնել-չհանձնելը Թբիլիսիի եւ Մոսկվայի միջեւ առեւտրի առարկա դառնա, նա արձագանքել է. «Եթե երկրի նոր իշխանությունները նաեւ այդ հարցում առեւտուր անեն, դա կլինի ամենասխալ որոշումներից մեկը»։ Մաչավարիանին հայտնել է, որ Թարգամաձեն մեկ շաբաթից ավելի է, որ Վրաստանում չէ, սակայն չի նշել, թե որտեղ է նա հիմա։




























