Սիրիայում, փետրվարի 14-ի առավոտյան, Հալեպ-Շիգիեֆի ճանապարհին առեւանգել են երիտասարդ Գեւորգ Կարակելյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը: Նա նշեց, որ Կարակելյանին առեւանգել են աշխատանքի գնալու ճանապարհին: Առեւանգողները 4 հոգով են եղել:
Նույն օրը կեսօրին Հալեպի Սուլեյմանիե պողոտայում գլխին դիպած կրակոցից զոհվել է 42-ամյա Հարություն Քեոշքերյանը, ով կին ու դուստր ունի:
Սիրիայի պետական լրատվամիջոցների պաշտոնական լրահոսի վերջին տվյալների համաձայն` Հալեպի Աս-Սահուր, ՔարմԱթ-Թարաբ, Մասաքեն, Հանանու, Ալ-Քաթարջի, Ալ-Մաասարանիա, Բաբ Ան-Նասր, Ալ-Մեյսար, Ան-Նաքարին, Աշ-Շաար եւ Քադի-Ասքար թաղամասերում զինվորականները պայթեցրել են ընդդիմադիր գրոհայինների զենքի բազաները, ոչնչացնելով եւ վիրավորելով նրանցից շատերին:




























