Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 10-ին, օրվա երկրորդ կեսին Վինձորյան պալատում հյուրընկալելու է արքայազն Չարլզին: Մինչ այդ նա հանդիպել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հետ։ Այս մասին Լոնդոնից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը։ Հարկ է նշել, որ այսպիսի բարձր պատվի Անգլիա այցելած ոչ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներն են արժանանում։ Ցավոք, Սերժ Սարգսյանին ուղեկցող հայ լրագրողներին եւ նույնիսկ օպերատորnերին չթույլատրվեց ներկա գտնվել հանդիպմանը: Լոնդոնի բնակիչների խոսքով, հայ պատվիրակությանը ջերմ ընդունելության են արժանացրել:

Վինձորի պալատում արքայազն Չառլզի եւ Հայաստանի նախկին վարչապետ, խոշոր գործարար Արմեն Սարգսյանի նախաձեռնութամբ կկայանա բարեգործական երեկո եւ «Իմ սեր Երեւան» խորագրով համերգ: Միջոցառումից ստացված գումարն ուղղվելու է Երեւանի կենտրոնում թույլ լսողություն ունեցող երեխանների 4 քանդված մանկապարտեզների վերականգմանը:

Ինչպես հայտնել է Արմեն Սարգսյանը NEWS.am-ին, 2 շինությունը լինելու են երաժշտական դպրոց որբերի համար, որը ղեկավարելու է Ջիվան Գասպարյանը, մյուս 2-ը՝ վերակառուցվելու են Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտ, դրանցից մեկում մանկապարտեզ է լինելու թույլ լսողությամբ երեխաների, մյուսում՝ տուն միայնակ մայրերի եւ նրանց երեխաների համար:

Մեկ այլ պատմական շենք էլ կառուցվելու է Շոտլանդիայում: Սարգսյանը խոստովանել է, որ ծրագրին մասնակցում են նաեւ բարեգործներ այլ երկրներից: Նա ընդգծել է, որ ծրագիրը շարունակական է լինելու: Պատասխանելով հարցին, հնարավոր է արդյո՞ք մշտական բնակության վերադառնա հայրենիք, Սարգսյանը նշել է, որ հայրենիքը լքել է ժամանակավորապես եւ գործերի բերումով: Նա նաեւ խոստովանել է, որ հաջորդ ծրագիրն անվանվելու է «Իմ սեր, Գյումրի»:

Նշենք, որ ներկայումս ընթանում է նախագահի հանդիպումը Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեվիդ Միլիբենդի հետ: Հանդիպման մանրամասները դեռ հայտնի չեն:

Նշենք, որ նախօրեին՝ փետրվարի 9-ին Հայաստանի նախագահն այցելել է Լոնդոնում «Թեյթ» ժամանակակից արվեստի թանգարան, որտես ծանոթացել է Արշիլ գորկու աշխատանքներին: Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել նաեւ հասարակական գործիչներ, արվեստի գիտակներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: