«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի լոնդոնյան ելույթը իսկական առաջնորդի պատմական ելույթ էր, որովհետեւ դրանում հստակ պաշտպանված էին հայության եւ Հայաստանի շահերը»,- NEWS.am-ի թղթակցի հետ բացառիկ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Համոզմունք հայտնելով, որ իր ելույթում ՀՀ նախագահը "պահում էր տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության ապահովման «կարմիր գիծը», նա ընդգծեց, որ վերջինս այս կերպ հիշեցրել է, որ ինքն անվտանգության մասին խոսել սկսել է դեռեւս քսան տարի առաջ, երբ պայքարել է Ղարաբաղի ժողովրդի ազատության համար. «Սերժ Սարգսյանն իր ելույթում հստակ հակադարձել է Ադրբեջանի նախագահի ռազմաշունչ հայտարարություններին՝ հասկացնել տալով, որ այդ երկիրը վաղուց սպառել է ազգային փոքրամասնություններին ինքնավարություն տալու բոլոր ռեսուրսները, ինչի վկայությունն է նաեւ այն, որ Նախիջանի ինքնավարությունում այսօր հայեր ընդհանրապես չկան»,- նշեց Էդուարդ Շարմազանովը։

Անդրադառնալով ՀՀ նախագահի ելույթի այն հատվածին, որտեղ վերջինս խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման արարողությանը հրավիրելու մասին, ՀՀԿ մամուլի քարտուղարն ընդգծեց, որ նախագահն այս կերպ փորձել է անձնական օրինակով ապացուցել, որ շահագրգռված է տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության հարցում, ինչպես նաեւ ցույց տալ, որ հակամարտությունները լուծվում են բացառապես երկխոսության արդյունքում. «Իր այս քայլով Սերժ Սարգսյանը հասկացնել է տվել Ադրբեջանի նախագահին, որ ռազմատենչ հայտարարությունների փոխարեն պետք է համագործակցության եզրեր գտնել, որպեսզի տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատվի. դա նրա կողմից իսկական տարածաշրջանային առաջնորդի քայլ էր»,- ամփոփեց Էդուարդ Շարմազանովը։