Փետրվարի 14-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունից ոստիկանության Կենտրոնականի բաժնում գրություն է ստացվել, որ ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ինտերնետային կայքում զետեղվել է հաղորդում, ըստ որի՝ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության համալսարանի ռեկտորը հավաքագրել է երիտասարդների անձնագրային տվյալները` հորդորելով ընտրել իր կողմից նշած թեկնածուին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության Կենտրոնական բաժնում կատարվում է հետաքննություն:

Ըստ նույն կայքում հրապարակված, ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարության՝ Վարուժան Գ.-ն փետրվարի 12-ին տեղեկացրել է, որ Մարտունի քաղաքի բնակիչներից շատերին գրանցում են Երեւանում, որպեսզի քվեարկեն եւ Մարտունիում եւ Երեւանում:

Ոստիկանության Մարտունիի բաժնում նախապատրաստվում են նյութեր: