Ստամբուլի անչափահասների ծանր հանցագործությունների գործերով 2-րդ դատարանում, որտեղ դատապարտվել է Հրանտ Դինքի սպանությունն իրականացնող Օգյուն Սամասթը, գաղտնի վկայություն է հայտնվել։

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝  Ստամբուլի անչափահասների ծանր հանցագործությունների գործերով 2-րդ դատարան ուղարկված գաղտնի վկայության գործերով սկսել է զբաղվել դատախազ Մուամեր Աքքաշը։ Հայտնի է դարձել, որ գաղտնի վկան նշել է, թե Դինքի սպանության ուղղորդող Էրհան Թունջելի հետ նախապատրաստել էին սպանել նաեւ Բույուքադա կղզում գտնվող հունական Սուրբ Յորղոս եկեղեցու հոգեւորականին։  Գաղտնի վկան նշել է, թե Դինքի սպանությունից առաջ Էրհան Թունջելի հետ մեկնել են Բույուքադա կղզի եւ ուսումնասիրել եկեղեցու հոգեւորականի սպանության հնարավոր տարբերակները, բայց հրաժարվել են այն իրականացնել, քանի որ կղզուց փախչելը բավականին դժվար էր լինելու։

Նշենք, որ 2012-ի  հունվարի 17-ին թուրքական դատարանը Դինքի սպանության գործում Յասին Հայալին մեղավոր ճանաչեց սպանությունը ծրագրավորելու եւ կազմակերպելու մեղադրանքով եւ դատապարտեց ցմահ ազատազրկման։ Սպանության ուղղորդողներից Էրհան Թունջելը Դինքի սպանության գործով անմեղ ճանաչվեց եւ դատապարտվեց 10 տարի 6 ամիս պատժաչափի՝ Mc Donald’s-ի պայթյունի համար։ Սակայն դատարանը նրան ազատ արձակման որոշում է կայացրել` հաշվի առնելով, որ նա այսքան ժամանակ գտնվել է կալանքի տակ: Համապատասխան գործընթացից հետո Էրհան Թունջելը ազատ է արձակվել: