«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունից հեռացվածները չեն պատրաստվում միանալ ստեղծվելիք ՀԱԿ կուսակցությանը, սակայն միշտ համգործակցել են ՀԱԿ-ի հետ եւ շարունակելու են համագործակցությունը: Այս մասին, այսօր` փետրվարի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունից հեռացված փոխնախագահ Ղուկաս Մեհրաբյանը:
«Այլ հարց է, որ Պետրոս Մակեյանը միշտ շահարկել է համգործակցությունը ՀԱԿ-ի հետ, երբեք Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը չի տվել, միշտ նշել է Լեւոն Զուրաբյանի անունը: Իսկ երբ նայենք իր ասուլիսների տեսաձայնագրությունները, կտեսննեք, որ այս ամենն արել է, որպեսզի կուսակցությունը դուրս բերի ՀԱԿ-ից` հիմանավորելով, թե «Տեսեք, Լեւոն Զուրաբյանն ամեն ինչ անում է, որ կազմաքանդի կուսակցությունը եւ Պետրոս Գեւորգյանին եւ Ղուկաս Մեհրաբյանին ուղղորդում է իր դեմ»,- ասաց Ղուկաս Մեհրաբյանը:
Նա հավաստիացրեց, որ Լեւոն Զուրաբյանն իրենց չի ուղղորդում: «Լեւոն Զուրաբյանը ո՞նց կարող է ուղղորդել, երբ նա Պետրոս Մակեյանին կանչել է եւ ասել, որ Մեհրաբյանը ՀԱԿ-ի քաղխորհրդի նիստերին միշտ իրեն հակաճառում է, իր կարծիքն է հայտնում»,- ասաց Մեհրաբյանը, հավելելով, որ արդեն երեք տարի է, ինչ Մակեյանը համագումար չի հրավիրել:
Անդրադառնալով վաղը «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության կայանալիք համագումարին, Ղուկաս Մեհրաբյանն ասաց, որ այդ համագումարին չեն մասնակցելու, քանի որ կուսակցությունից հեռացված են եւ հրավիրված չեն:
Հիշեցնենք, որ վերջերս Ղուկաս Մեհրաբյանն ու Պետրոս Գեւորգյանը հեռացվել են «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունից:



























