Հայաստանում գործող առաջատար երեք քաղաքական ուժերն ընտրողների համար անսպասելի վճռեցին չմասնակցել նախագահական ընտրություններին: Այդ մասին այսօր՝ փետրվարի 15-ի մամուլի ասուլիսում հայտնել է «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության մամուլի քարտուղար Հասմիկ Սարգսյանը՝ ներկայացնելով «Հայաստանում 2013թ. փետրվարի 18-ի առաջիկա նախագահական ընտրությունների երկարաժամկետ դիտորդական առաքելության մասին» զեկույցը:
Ըստ նրա՝ վերոնշյալ ուժերը՝ «Բարգավաճ Հայաստանը», Դաշնակցությունը եւ Հայ ազգային կոնգրեսը, իրենց ռազմավարությունից ելնելով՝ լուրջ հայտ են ներկայացնում հերթական խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին: «Համենայն դեպս, այդ ուժերի չմասնակցելը ինչ-որ չափով նվազեցնում է նախագահական ընտրությունների մրցակցությունը՝ այդպիսով նվազեցնելով ընտրողների ակտիվությունը», - նշել է նա:
Զեկույցում, մասնավորապես, ասվում է, որ «նախագահի թեկնածուների քարոզարշավն ըստ «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության, ազատ մթնոլորտում է անցել: «Բոլոր թեկնածուներին ներկայացվել է Երեւանում եւ մարզերում իրենց քարոզարշավներն անխոչընդոտ անցկացնելու հնարավորություն: Հեռուստաեթերը բաց է եղել բոլոր թեկնածուների համար, նրանց անսահմանափակ հնարավորություն է տրվել ընտրազանգվածին տեղեկացնել իրենց հայացքների եւ ծրագրերի մասին: Նախագահի թեկնածուների քարոզարշավների օրինաչափ եւ արդար լուսաբանումն ընտրազանգվածին հնարավորություն տվեց ծանոթանալու յուրաքանչյուր թեկնածուի մոտեցումներին», - ասված է «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության մամուլի քարտուղար Հասմիկ Սարգսյանի ներկայացրած զեկույցում:
Նշենք, որ «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության դիտորդները նախագահական ընտրությունների դիտարկում են իրականացնում հանրապետության 1400 ընտրատեղամասերում: Դիտարկումն իրկանացվում է ինչպես Երեւանում, այնպես էլ Հայաստանի բոլոր քաղաքներում:
«Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության 81 անդամից բաղկացած երկարաժամկետ դիտորդական առաքելությունը 2013թ. հունվարի 11-ից իրականացրել է փետրվարի 18-ին Հայաստանում նախատեսված նախագահական ընտրությունների դիտարկումը: Երկարաժամկետ դիտորդների դիտարկման առարկա են դարձել քաղաքական մթնոլորտը, նախագահի թեկնածուների առաջադրման եւ գրանցման գործընթացները, պաշտոնական քարոզարշավը, ընտրական հանձնաժողովների աշխատանքը, ընտրատեղամասերի տեղակայման, ընտրողների ցուցակների, քարոզչության նյութերի, տեղական ինքնակառավարման մարմինների ակտիվության հետ կապված հարցերը:




























