Չելյաբինսկի տարածաշրջանում երկնաքարի ընկնելու հետեւանքով տուժածների թիվն անցել է 550-ից: Այս մասին հայտարարել է Չելյաբինսկի առողջապահության վարչության մամուլի ծառայությունը: Վարչությունում հայտնել են, որ ընդհանուր առմամբ տուժել են 60 երեխա:
500 տուժածներից քսաներկու մարդ հոսպիտալացվել է անմիջապես երկնաքարի` Ուրալում ընկնելուց հետո, հայտնել է ՌԴ ԱԻՆ ճգնաժամային իրավիճակների կառավարման ազգային կենտրոնի ղեկավար Վլադիմիր Ստեպանովը, հաղորդում է «Գազետա.ռու»-ն:
Օպերատիվ շտաբի վերջին տեղեկությունների համաձայն, Չելյաբինսկի տարածքով անցնող երկնաքարն ընկել է Չեբարկուլ քաղաքից մեկ կմ. հեռավորության վրա գտնվող ջրամբարի մեջ: Տեղական «Զլատոուստ 74» պորտալը հայտարարել է, որ 100 հազար ռուբլի կպարգեւատրի նրան, ով խմբագրություն կբերի երկնաքարի մի կտոր:
Սակայն փրկարարներն օպերատիվ կերպով շրջափակել են անկման երկու հնարավոր տեղերն ու արդեն երեք կտոր գտել են: Երկու կտորը գտնվել է Չեբարկուլի հատվածում, իսկ երրորդը` Զլատոուստի հատվածում, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Որոնումները շարունակվում են, այդ թվում եւ Ղազախստանում:
Ռուսական գիտությունների ակադեմիան արդեն սկսել է հետազոտել «երկնաքարային գրոհի» հանգամանքները, նշել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Որբաթօրյա եւ ապագա երկնաքարերի անկման վայրերի տեղը գուշակելն անհնար է, ենթադրել են փորձագետները: Այսօրվա տվյալներով` օբյեկտը չի գրանցվել ոչ ռուսական, ոչ էլ արտասահմանյան վերերկրյա միջոցների կողմից: Նմանատիպ օբյեկտների հայտնվելը մթնոլորտում պատահական է լինում ու ներկա պահին անկանխատեսելի, հաստատել են Ռոսկոսմոսում:




























