Հայ գրատպության 500-ամյակի միջոցառումների շրջանակում Վենետիկի Մխիթարյան միաբանությունում նախարարության հետ համատեղ վերջերս կազմակերպված գիտաժողովի եւ հնագույն տպագրական սարքերի ցուցահանդեսի ժամանակ որոշվել էր ստեղծել Մխիթարյան միաբանության եւ ՀՀ սփյուռքի նախարարության «Հակոբ Մեղապարտ» մեդալը, որը շնորհվելու է հայ գրատպության, գրահրատարակչական գործունեության բնագավառում մեծ ավանդ ունեցող անհատներին: 

Հայ գրահրատարակչության զարգացման, գիտակրթական գործունեության, դասագրքերի ստեղծման գործում մեծ ավանդի համար ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Հակոբ Մեղապարտ» մեդալով պարգեւատրել է «Տաթեւ գիտակրթական համալիրի» տնօրեն, «Զանգակ-97» հրատարակչության տնօրեն Սոկրատ Մկրտչյանին:

Սոկրատ Մկրտչյանը Հայաստանում հայտնի է իր գիտամանկավարժական, հրատարակչական լայնածավալ գործունեությամբ, անդամակից է գիտության եւ կրթության ոլորտում գործող մի շարք հայաստանյան եւ միջազգային հասարակական կազմակերպությունների եւ միավորումների, մի քանի տասնյակ դպրոցական եւ բուհական դասագրքերի եւ ուսումնական ձեռնարկների հեղինակ է: Նրա հեղինակած դասագրքերը երաշխավորված են ԱՊՀ այլ երկրների համապատասխան պետական լիազոր մարմինների կողմից եւ օգտագործվում են միջինասիական հանրապետությունների հանրակրթական ուսումնական հաստատություններում:

«Զանգակ-97» հրատարակչության կողմից տպագրված գիտահանրամատչելի, ուսումնական, գեղարվեստական, մանկական բազմաթիվ գրքերը, ուսումնաօժանդակ նյութերը երկար տարիներ մեծ պահանջարկ են վայելում ոչ միայն Հայաստանում, այլեւ Սփյուռքի հայ համայնքներում, նպաստելով հայեցի կրթության եւ դաստիարակության գործին:

«Զանգակ-97» հրատարակչությունը՝ նախարարության եւ սփյուռքի համապատասխան մասնագետների հետ համագործակցելով՝ ստեղծել է Սփյուռքի միօրյա հայկական դպրոցների  համար նախատեսված «Այբբենարան», երկու «Արեւմտահայերենի դասագիրք-ընթերցարան» դասագրքերի փորձնական տարբերակները, որոնք հրատարակվել են եւ առաքվում են Սփյուռքի դպրոցներ:

Սոկրատ Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց բարձր պարգեւի համար եւ հավաստիացրեց, որ այսուհետ առավել հետեւողականորեն կշարունակի Հակոբ Մեղապարտի սկսած գործը ու կիրականացնի նոր, արդիական գրահրատարակչական ծրագրեր, որոնք կնպաստեն մայրենի լեզվով կրթությանն ու դաստիարակությանը,  հայ գրքի դերի բարձրացմանը, հայապահպանությանը Սփյուռքում: