Դեկտեմբերից հետո թյուր կարծիք է ձեւավորվել, որ պետության գործող ղեկավարի հիմնական մրցակիցները հրաժարվել են պայքարից: Դա բնավ այդպես չէ, Սերժ Սարգսյանն արժանի մրցակիցներ ունի: Այդ մասին այսօր՝ փետրվարի 15-ին, Արագածոտնի մարզի Արա գյուղի բնակիչների հետ հանդիպման ընթացքում նշել է նախագահի թեկնածու, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:

 «Իմ առաջարկած ծրագրերն արմատապես տարբերվում են իշխանությունների ծրագրից: Ես միանգամայն այլ երկիր եմ պատկերացնում: Որքան էլ մեզ քննադատեն, մարդիկ հասկանում են, որ եթե ինչ-որ բան էլ ստացել են, ապա դա եղել է մեր կառավարման տարիներին: Այսօրվա դրությամբ կարելի է հեռացնել 10-15 ընտանիքների եւ ամբողջ ժողովրդին ընդգրկել տնտեսական կյանքում: Թող նրանք տեղերով փոխվեն», - նշել է Բագրատյանը: Նրա խոսքով՝ պետությունում օրենսդրական կերպով լուծված չէ այն հարցը, թե ինչով է զբաղում նախագահը, ինչով՝ վարչապետը: «Նախագահը շատ հաճախ անում է այն, ինչը նրա լիազորությունների մեջ չի մտնում, օրինակ՝ խորհրդակցություններ է անցկացնում գյուղատնտեսության նախարարի հետ: Սահմանադրությունը, հատկապես 2005թ.-ից հետո, այնպես է գրված, որ նախագահը շատ հաճախ զբաղվում է նրանով, ինչով ցանկանում է: Պետական կառավարման կառուցվածքում բացակայում է լիազորությունների հստակ սահմանումը», - ընդգծել է թեկնածուն:

Նա նաեւ նշել է, որ իշխանությունները բավական լուրջ մտավախություն ունեն, որ կարող են նաեւ չընտրվել: Թեկնածուն խորհուրդ է տվել փետրվարի 18-ին գնալ ընտրության եւ մասնակցել քվեարկությանը: «Ընտրեք նրան, ում ցանկանում եք, սակայն կարծում եմ, որ ինձ ընտրելու  դեպքում չեք փոշմանի», - ասել է Հրանտ Բագրատյանը: