Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը ստվերեց նախընտրական գործընթացների նորմալ ընթացքը: Այդ մասին փետրվարի 15-ին հայտարարել է «Ընտրությունը քոնն է» ՀԿ մամուլի քարտուղար Հասմիկ Սարգսյանը` ներկայացնելով «Հայաստանի նախագահական ընտրություններում երկարաժամկետ դիտորդական առաքելության մասին» զեկույցը:
Զեկույցում, մասնավորապես, ասվում է, թե «այդ ցավալի միջադեպը, մեր կարծիքով, առաջին հերթին փորձ էր ստվերել ադեկվատ նախընտրական մթնոլորտը, նաեւ` մեր պետականության վարկին հարվածելու ստոր փորձ»:
Հասմիկ Սարգսյանի խոսքով, «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ն ողջունում է իրավապահների ձեռնարկած արդյունավետ միջոցառումները` միտված այդ ստոր ակտի շուտափույթ բացահայտմանը: «Բարեբախտաբար, այդ լուրջ միջադեպը չապակայունացրեց նախընտրական արշավի մթնոլորտը, իսկ Պարույր Հայրիկյանը բուժումից հետո շարունակեց քարոզարշավն առանց խոչընդոտների »,- ասվում է զեկույցում:




























