Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորն ուղղված չի լինի ոչ դեպի Եվրոպա, ոչ դեպի Ռուսաստան. առաջին հերթին, ես կզբաղվեմ Հայաստանի բարեփոխմամբ: Այս մասին, այսօր` փետրվարի 15-ին, հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը` Արագածոտնի մարզի արա գյուղում ընտրողների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
«Այսօրվա դրությամբ, ես չեմ խաբի, թե ուզում եմ, որ Հայաստանը դառնա Եվրամիության անդամ, քանի որ դա միայն մեզնից չի կախված: Առաջիկա 5 տարիներին Եվրոպայի հետ ես տեսնում եմ միայն Ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագիրը, հարաբերությունների ավելի խորացման ես չեմ ձգտի: Ես չեմ խոսի ՆԱՏՕ-ի մասին` առանց Ռուսաստանի հետ հարցերը լուծելու, քանի որ վերջինիս հետ եւս կան որոշակի խնդիրներ: Եթե օրակարգում լինի Մաքսային միությանն անդամակցելու հարցը եւ դա նույն Մաքսային միությունն է, ինչը կա այսօր, ապա դա մեզ միանշանական վնաս է»,-նշել է Բագրատյանը:
Նա ընդգծել է, որ թույլ չի տա, որպեսզի Եվրոպայի, ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի շահերը բախվեն մեր տարածքում, միաժամանակ նշելով, որ ոչ մի դեպքում չի գնա այնպիսի արկածախնդրության, ինչպիսին է ռուսական զորքերը Հայաստանից դուրս բերելու պահանջը: «Դա տեղի կունենա էվոլյուցիայի գործընթացում: Սակայն ես թույլ չեմ տա, որպեսզի Ռուսաստանի հետ հարաբերություններում Հայաստանը գտնվի ստրուկի կարգավիճակում: Նրանք պետք է հարգեն մեզ»,-ամփոփել է նա:
Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am




























