Հայաստանի Հանրապետությունում սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը մնում է հանգիստ, դիտվում է սեզոնային բնականոն ընթացք: Իրականացվող մոնիտորինգի տվյալներով 2013 թվականի ընթացքում սուր շնչառական վարակների հիվանդացությունը 2012 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է մոտ 1,1 անգամ: Սեզոնի ընթացքում իրականացվող շաբաթական մոնիտորինգի տվյալների վերլուծությունը վկայում է այն մասին, որ 2013 թվականի 5-րդ շաբաթվա ընթացքում նախորդ տարվա նույն շաբաթվա համեմատ նվազել է գրեթե 1,7 անգամ:

2013թ. փետրվարից հանրապետությունում շրջանառվում են գրիպի Ա (H1N1, H1N1պնդ, H2N3) եւ Բ տեսակները: Ինչ վերաբերում է գրիպի Ա H1N1պնդ ենթատեսակին՝ նախկինում խոզի գրիպին, ապա պետք է նշել, որ  Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական հայտարարությամբ այն այլեւս չունի 2009 թվականի պանդեմիկ ներուժը եւ  դասվում է սեզոնային գրիպի ենթատեսակների շարքին: Գրիպի յուրաքանչյուր տեսակով կամ ենթատեսակով պայմանավորված հնարավոր է հիվանդության միջին եւ ծանր ընթացքով դեպքերի արձանագրում, որին կարող են նպաստել բժշկին ուշ դիմելը, ինքնաբուժմամբ զբաղվելը, ուղեկցող հիվանդությունների (հիվանդների առողջական վիճակ) առկայությունը, հիմնական (քրոնիկ) հիվանդությունների կլինիկական առանձնահատկությունները եւ այլն:

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն եվրոպական տարածաշրջանում դիտվում է սուր շնչառական վարակների տարածվածության շարժընթաց հարավից հյուսիս։ Հարավում իրավիճակն արդեն կայունանում է, իսկ հյուսիսում աճի միտումը դեռ շարունակվում է։ 90% դեպքերում արձանագրվում են գրիպի Ա, մնացած դերքերում` Բ տեսակները:

ՀՀ առողջապահության նախարարությունը  բնակչությանը հորդորում է գրիպանման երեւույթների դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության, չզբաղվել ինքնաբուժմամբ:

Ներկայումս հանրապետությունում շարունակվում են սեզոնային գրիպի դեմ կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումները, իրականացվում է սուր շնչառական վարակների եւ գրիպի օրական մոնիթորինգ:

ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է`

• Եթե հիվանդ եք, մնացե՛ք տանը

• Մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ, կազմակերպե՛ք բժշկի այցը տուն 

•  Անհարկի, առանց բժշկի ցուցման մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք չեն օգնում վիրուսային ծագում ունեցող հիվանդությունների ժամանակ

• Մի՛ շփվեք գրիպանման երեւույթներով հիվանդների հետ

• Խստորեն հետեւե՛ք անձնական հիգիենայի պահպանման կանոններին

•  Հագնվե՛ք եղանակին համահունչ

• Պահպանե՛ք հազի եւ փռշտալու վարվելակարգը

• Հաճախակի օդափոխե՛ք փակ տարածքները: