Ստեղծված իրավիճակում ընտրությունների միջոցով  իշխանություն ձեւավորելն ընկնում է քաղաքացիների ուսին: Այս մասին այսօր` փետրվարի 15-ին, կազմակերպված ֆորումի ժամանակ ասաց քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Արգիշտի Կիվիրյանը (ֆոտոռեպորտաժ): Նա ընդգծեց, որ ընտրելու եւ ընտրվելու իրավունքը համարվում է բարձրագույն իրավունքներից մեկը եւ քաղաքացին, ունենալով այդ իրավունքն ու մասնակցելով ընտրություններին, կարողանում է ձեւավորել իշխանություն եւ այդկերպ մասնակցում է երկրի կառավարմանը: Իսկ, եթե այդ իրավունքը խզվում է, քաղաքացին վերածվում է ենթակայի, հպատակի:

Նրա խոսքով, 1991թ-ից հետո Հայաստանում բոլոր ընտրությունները կեղծվել են այս կամ այն չափով. այդ ընտրությունների ընթացքում որեւէ ձեւով չի ձեւավորվել քաղաքացիների կողմից ընտրված իշխանություն: Տարբեր ընդդիմադիր կուսակցություններ հավաքել են այս կամ այն չափի ձայներ, սակայն այդ ձայները երբեւէ չեն արտահայտել ժողովրդի կամքը:

«Այսինքն անկախության տարիների առաջին ընտրություններից հետո արդեն 20 տարի է իշխանությունը չի ձեւավորվում քաղաքացիների կողմից, այլ գտնվում է բռնազավթված վիճակում»,-ասաց Արգիշտի Կիվիրյանը եւ հավելեց, որ մինչեւ այսօր կուսակցությունները չկարողացան քաղաքացիներին վերադարձնել ընտրելու իրավունքը , ինչի արդյունքում նրանց մասնակցությունը գլոբալ առումով վերածվում է զավեշտի:

Ավելին, այս դեպքում, նրա ներկայացմամբ`մասնակցությամբ որոշակիորեն  լեգիտիմացվում են իշխանությունները:

Ֆորումի մասնակիցների մեծամասնությունը եւս համամիտ էր, որ ընտրելու եւ ընտրվելու իրավունքը հիմնականում  ծանրացած է քաղաքացիների ուսերին եւ քաղաքացիով է պայմանավորված այդ իրավունքի վերականգնումը:

Ֆորումի մասնակիցներն առաջարկեցին քաղաքացիական հանձնաժողովներ ձեւավորել, որին մասնակցելու ցանկություն հայտնեցին ֆորումին մասնակցող քաղաքացիներից շատերը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am