«Համագործակցություն հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ֆորումը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կոչ է անում առաջիկա ընտրություններում քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Մենք «Համագործակցություն հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ֆորումի մասնակից հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս ազդարարում ենք, որ 2008-2012թթ. ժամանակահատվածում էական առաջընթաց է արձանագրվել քաղաքացիական հասարակության զարգացման եւ ժողովրդավարական կառավարման գործընթացում, որը նախեւառաջ դրսեւորվել է.

- մարդկանց քաղաքացիական ազատությունների եւ անհամաձայնության իրավունքի արտահայտման ասպարեզում,

- տարաբնույթ քաղաքացիական նախաձեռնությունների ընդլայնման եւ քաղաքական որոշումների վրա դրանց ազդեցության տիրույթում,

- գենդերային իրավահավասարության եւ կանանց քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների պաշտպանության բնագավառում

- պետական կառավարման ոլորտներում քաղաքացիական վերահսկողության արդյունավետ մեխանիզմների ներդրման գործում,

- հասարակության խոցելի եւ կարիքավոր խմբերի, փախստականների, հաշմանդամների, ինչպես նաեւ ազգային փոքրամասնությունների շահերի պաշտպանության ոլորտում,

- սպառողների իրավունքների պաշտպանության եւ հանրային իրազեկման բնագավառներում,

գ բանակ-հասարակություն կապերի ամրապնդման ու փոխհամագործակցության խորացման գործում

- խորհրդարանական համագործակցության ոլորտում քաղաքացիական հասարակության կառույցների ներգրավվածության եւ արդյունավետ գործընկերության դաշտում:

Այս նշանակալի ձեռքբերումներին զուգահեռ դեռեւս տեսանելի անելիքներ կան կոռուպցիայի դեմ պայքարի, աշխատողների շահերի պաշտպանության, գյուղի համակողմանի համակարգված զարգացման, արդար կառավարման եւ առհասարակ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտներում: Վերոհիշյալ փաստերն արձանագրելով հույս ենք հայտնում, որ մոտ ապագայում այս խնդիրների լուծման գործում նույնպես, պատեհություն կունենանք խոսելու շոշափելի հաջողությունների մասին:

Մի քանի օր հետո մեր երկրում կայանալու են նախագահի ընտրություններ. վերլուծելով ու գնահատելով այս ընտրություններին առաջադրված բոլոր թեկնածուների ծրագրային հիմնադրույթները, դրանցում հաշվի առնելով քաղաքացիական հասարակության զարգացման իրական հնարավորությունները, ինչպես նաեւ վերնշյալ իրողությունները, կոչ ենք անում մեր համախոհներին, շահառուներին եւ քաղաքացիական հասարակության բոլոր ներկայացուցիչներին փետրվարի 18-ին.

- ակտիվ մասնակցություն ունենալ ընտրություններին

- կատարել քաղաքացիական դիրքորոշման եւ համոզմունքի վրա հիմնված գիտակցված ընտրություն

- հանրային աջակցություն ցուցաբերել եւ քվեարկել նախագահի թեկնածու   Սերժ Սարգսյանի օգտին:

Միաժամանակ, սույնով արտահայտում ենք մեր ակնկալիքներն առ այն, որ Սերժ Սարգսյանի ընտրվելու դեպքում`նրա նախագահության հաջորդ հինգ տարիները առավել արգասաբեր ու արդյունավետ կլինեն հասարակական կազմակերպությունների համագործակցության զարգացման, մեր հասարակության մեջ նրանց դերի շարունակական բարձրացման եւ մի շարք առանցքային գործառույթներ պետական հատվածից հանրային հատվածին պատվիրակելու խնդիրներում»: