Հայաստանի իշխող հանրապետական կուսակցության ընտրազանգվածը ուռճացնում են կրկնակի քվեարկությունները: Փետրվարի 15-ին լրագրողներին նման կարծիք է հայտնել Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը:

Ըստ նրա՝ մայիսի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի օգտին քվեարկած 650 հազար մարդու ցուցանիշը պետք է կրճատել առնվազն 2-3 անգամ, թեեւ քվեարկության ժամանակ կրկնակի քվեարկությունը բացառելու նպատակով անձնագրերում կնիքներ են դրվում: «Հավաստի տեղեկություններ կան, որ նույն մարդիկ ՀՀԿ-ի օգտին քվեարկել են հինգ անգամ: Ես անձամբ եմ տեսել նման մարդկանցից մեկի անձնագիրը, որտեղ երկու կնիք կար՝ եւս երեքի հետքերով», - ասել է Դովլաթյանը:

Նա հավելել է, որ իրավիճակը վերահսկելու փորձ պետք է կատարեն վստահված անձինք, սակայն ոչ բոլոր ընդդիմադիր թեկնածուներն են բավարար քանակ հավաքել: Հրանտ Բագրատյանի թիմում, որի թեկնածությանը սատարում է Դովլաթյանը, այդպիսիք 500-ն են, հանրապետությունում ընտրատեղամասերը՝ 1988:

«Րաֆֆի Հովհաննիսյանն էլ բավարար թվով մարդիկ չունի,  նրանց դրսից է ներգրավում. Րաֆֆի Հովհաննիսյանի անունից հանդես եկող վստահված անձանց մեծամասնությունը «Ժառանգության» անդամներ չեն: Այնուամենայնիվ, ընդդիմության վստահված անձինք խախտումները կանխելու ավելի իրական հնարավորություններ ունեն, քան նախկինում, քանի որ  քվեաթերթիկների բաց լցոնման բռնի մեթոդներն այլեւս չեն կիրառվում: Բացի դրանից,  ընդդիմության ներկայացուցիչներ կան նաեւ տեղամասային ընտրական հանձնաժողովներում: Պետք է միայն հետեւել, որպեսզի տվյալ ընտրատեղամասում քվեարկեն միայն գրանցված ընտրողները», - նշել է Դովլաթյանը: Այնուամենայնիվ,  գործնականում դա միշտ չէ, որ հաջողվում է: «Եթե ընտրատեղամասին են մոտենում հարյուր-հարյուր քսան մարդ, ապա մեկ ընդդիմադիր վստահված անձի կամ ընտրատեղամասային հանձնաժողովի անդամի համար դժվար է հետեւել բոլորին», – հավելել է նա:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան փետրվարի 18-ին: