«Ջի Էն Սի-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն անդրադարձել է տեղեկություններին, ըստ որոնց որոշ հայաստանյան օգտատերեր չեն կարողանում մուտք գործել ինտերնետ ռեսուրսներ եւ որպես պատճառ մատնանշվել է «Ջի Էն Սի-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի կապուղիներով տրամադրվող ինտերնետ հասանելիության ծառայությունները:

Այս առնչությամբ ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է.

«Ջի Էն Սի-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարում է, որ.

1. Ընկերությունը ՀՀ տարածքում գործունեություն է ծավալում եւ առաջնորդվում է բացառապես ՀՀ օրենսդրությամբ, ուստի «Ջի Էն Սի-ԱԼՖԱ» ՓԲԸ կողմից որեւէ կայք չի արգելափակվում:

2. «Ջի Էն Սի-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն հանդիսանում է ՀՀ-ում գործող միակ օպերատորը, որն ինտերնետ հասանելիություն է ապահովում երեք միջազգային կապուղիների միջոցով, այն է ՝  TELIASONERA,  LEVEL 3 եւ ROSTELECOM՝ դրանով իսկ ապահովելով ինտերնետի անխափան մատակարարումը իր բոլոր հաճախորդներին:

 3. Համաձայն ՌԴ օրենսդրության որոշ կայքեր (հիմնականում մանկապղծության, տեռորիստական եւ նմանատիպ բնույթի) արգելափակվում են ՌԴ օպերատորների կողմից ՌԴ տարածքում իրենց օգտատերերի համար:

Ռուսաստանյան ROSTELECOM ընկերության կողմից «Ջի Էն Սի-ԱԼՖԱ» ՓԲԸ եւ այլ հայաստանյան օպերատորներին մատակարարվող ինտերնետ հասանելիության ծառայության մեջ տվյալ կայքերը չեն արգելափակվում:

4. Ի գիտություն սպառողների ասենք նաեւ, որ կան կայքեր, որոնք ֆիզիկապես տեղակայված են ՌԴ տարածքում, պարունակում են արգելված բովանդակություն եւ արգելափակված են բոլոր երկրների ինտերնետ օգտատերերի համար՝ անկախ կապուղու պատկանելությունից:

«Ջի Էն Սի-ԱԼՖԱ» ՓԲԸ ընկերությունը մշտապես հոգում է իր բաժանորդներին տրամադրվող կապի որակի մասին եւ հավաստիացնում, որ հայաստանյան օգտատերերը ազատ են օգտվելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված եւ չարգելվող բոլոր ռեսուրսներից:

«Ջի Էն Սի-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն հանդիսանում է ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը:

«Ջի Էն Սի-ԱԼՖԱ» ընկերության ցանցն ամբողջությամբ հիմնված է օպտիկա-մանրաթելային մալուխի վրա՝ ծածկելով ՀՀ տարածքի 80%-ն ու տարածվելով ավելի քան 2500 կմ: Ցանցը միացված է տարածաշրջանի հիմնական մագիստրալային ցանցերի եւ տրաֆիկի փոխանակման խոշորագույն հանգույցների, ինչպես նաեւ Իրանի եւ Վրաստանի հետ միջազգային կապուղիների միջոցով:

Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը եւ պետական մարմինները, հեռահաղորդակցության ընկերությունները եւ միջազգային կազմակերպությունները:

Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով եւ ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով (ավելի քան 47 քաղաքներում):

2012թ. դեկտեմբերից ընկերությունը հաջողությամբ տրամադրում է ինտերնետ հասանելիության եւ ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ մանրածախ շուկայում «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո»: