Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն, այսօր` փետրվարի 15-ին հանդիպել է Երեւանի պետհամալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով նրանց՝ Կորյուն Նահապետյանը ներկայացրել է խորհրդարանի եւ մշտական հանձնաժողովների կառուցվածքը, դրանց գործունեության ոլորտները, օրինագծերի մշակման փուլերն ու խորհրդարանական այլ միջոցառումները: Նա համոզմունք է հայտնել, որ խորհրդարանում անցկացված պրակտիկան կավելացնի ուսանողների գիտելիքներն ու հմտությունները:

Կորյուն Նահապետյանը նկատել է, որ հինգերորդ գումարման Ազգային ժողովն առանձնահատուկ տեղ է հատկացնում խորհրդարանական դիվանագիտությանն ու միջազգային կազմակերպություններում հայկական պատվիրակությունների աշխատանքին, պատգամավորական բարեկամական խմբերի միջեւ կապերի զարգացմանն ու սերտացմանը:

Լինելով ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար, Կորյուն Նահապետյանն ուսանողներին ներկայացրել է այդ կառույցի գործառույթները, նպատակը, կառուցվածքը, իրականացվող ծրագրերը, ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները եւ հեռանկարները:

Հանձնաժողովի նախագահը պատասխանել է նաեւ ուսանողների հարցերին, ինչպես նաեւ առաջարկել մասնակցել խորհրդարանում կազմակերպվող խորհրդարանական լսումներին ու աշխատանքային քննարկումներին: