Վրացի քաղաքական գործիչ Գիվի Թարգամաձեի նկատմամբ Ռուսաստանում դաշնային հետախուզում են հայտարարել: Այս մասին լրագրողներին հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի վարչության մամուլի ծառայությունից, հաղորդում է «Ռոսբալտը»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեն վրացի պատգամավոր Գիվի Թարգամաձեին մեղադրյալի կարգավիճակով ներգրավել է Ռուսաստանում անկարգություններ նախապատրաստելու գործում: Առաջիկայում Ռուսաստանի Քննչական կոմիտեն նրա հեռակա կալանքի միջնորդություն կներկայացնի:

ՌԴ ԱԳՆ-ի տվյալով, որի վրա հիմնվում է Քննչական կոմիտեն, Գիվի Թարգամաձեն քրեական հետապնդումներից անձեռնմխելություն չունի, թեեւ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է:

Քննության վարկածով, ռուս երեք ընդդիմադիրներ՝ Սերգեյ Ուդալցովը, Լեոնիդ Ռազվոզժաեւը եւ Կոնստանտին Լեբեդեւը Գիվի Թարգամաձեի հետ պայմանավորվել էին Բոլոտնայա հրապարակում անկարգությունները ֆինանսավորելու հարցում: Թարգամաձեն ինքը վստահեցրել է, որ չի ճանաչում ռուս ընդդիմադիրներին:

Այս պահին ՌԴ-ում անկարգություններ նախապատրաստելու եւ Բոլոտնայայի գործերը մեկ վարույթով են տարվում, գործում ընդգրկվածները 20-ից ավելի են:

 

Իր հերթին, Վրաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Խաթունա Փայչաձեն հայտարարել է, որ. «Թարգամաձեն Վրաստանի քաղաքացի է եւ, ըստ Սահմանադրության, բացառվում է նրա հանձնումը ռուսական կողմին»:

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության լիդերներից մեկը, խորհրդարանի նախկին փոխխոսնակ Միխայիլ Մաչավարիանին, ի պատասխան լրագրողի հարցի, թե հնարավո՞ր է, որ Թարգամաձեի հանձնել-չհանձնելը Թբիլիսիի եւ Մոսկվայի միջեւ առեւտրի առարկա դառնա, նա արձագանքել է. «Եթե երկրի նոր իշխանությունները նաեւ այդ հարցում առեւտուր անեն, դա կլինի ամենասխալ որոշումներից մեկը»։ Մաչավարիանին հայտնել է, որ Թարգամաձեն մեկ շաբաթից ավելի է, որ Վրաստանում չէ, սակայն չի նշել, թե որտեղ է նա հիմա։