Այսօր` փետրվարի 15-ին, մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ, Հայաստանի ուռուցքաբանության ազգային կենտրոնում քաղցկեղով հիվանդ երեխաների համար ուրախ ցերեկույթ է կազմակերպվել:

Նշենք, որ օրը հռչակվել է 2001թ. Լուքսեմբուրգում, «Քաղցկեղով երեխաների ծնողների միության» (ICCCPO) կողմից` նպատակ ունենալով հանրության ուշադրությունը գրավել քաղցկեղով հիվանդ երեխաների խնդիրներին:

Ըստ վիճակագրության ամբողջ աշխարհում ամեն տարի 200 հազար երեխա հիվանդանում է քաղցկեղով, ամեն օր 250 երեխա մահանում է քաղցկեղից: Հայաստանում տարեկան գրանցվում է 80-90 նոր դեպք:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության բաժանմունք  տարեկան 200-ից ավելի երեխա է բուժվում:

Հայաստանում երեխաների մոտ ամենից հաճախ հանդիպում է արյան քաղցկեղը` լեյկեմիան, որը կազմում է չարորակ ուռուցքների մոտ 30-40 տոկոսը: Երկրորդ տեղում են ավշային հանգույցների չարորակ ուռուցքները, այնուհետեւ գլխուղեղի ուռուցքն է: Մանկական քաղցկեղի առաջացման պատճառները բազմազան են. քաղցկեղածին նյութեր սննդում եւ օդում, ծնողների կողմից վնասակար սովորություններ` ծխախոտի եւ ալկոհոլի չարաշահում, ինչպես նաեւ մոր մոտ նույնիսկ մինչ հղիությունն առողջական խնդիրներ եւ այլն:

Հիվանդությունն ավելի հաճախ հայտնաբերվում է 2-4 տարեկան երեխաների մոտ։ Գիտնականների համոզմամբ` այդ ուռուցքները ոչ թե ժառանգաբար են փոխանցվում, այլ  լինում են բնածին: Երկրորդ տեղում 11-14 տարեկան երեխաներն են. նրանց մոտ քաղցկեղն առաջանում է սեռական հասունացման շրջանում: Քաղցկեղի այն տեսակները, որոնք հաճախ հանդիպում են մեծահասակների մոտ, երեխաների մոտ գրեթե չեն լինում: Տարբերություն կա նաեւ ուռուցքների եւ բուժման մեթոդների միջեւ:

Բուժումն առավել արդյունավետ է, երբ հիվանդությունը հայտնաբերվում է սկզբնական փուլում։Հայաստանում երեխաների մոտ հիվանդության 65 տոկոս դեպքերը լիակատար բուժվում են: Զարգացած երկրներում այդ ցուցանիշը հասցվել է 75-80 տոկոսի:

Աշխարհի շատ երկրներում քաղցկեղով հիվանդ երեխաների համար այսօր տարբեր միջոցառումներ են անցկացվում, հանգանակություններ կազմակերպվում։