Համաշխարհային պատմությունը ցույց է տալիս, որ կա երկու լուծում ընտրելու եւ ընտրվելու իրավունքը վերականգնելու գործում: Այսօր` փետրվարի 15-ին, Երեւանում քաղաքացիական ակտիվիստների կազմակերպած ֆորումի ժամանակ նշեց քաղաքագետ Էդգար Վարդանյանը: Մինչեւ այդ ֆորումի մասնակիցները, որոնց թիվն անցնում էր 100-ից, առաջարկեցին հանձնաժողովներ ստեղծել, որոնք իրազեկման գործընթաց կիրականցնեն: Հանձնաժողովի անդամները գործունեություն կծավալեն նաեւ մարզերում:
Երկրում արմատապես իրավիճակ փոխելու համար առաջարկ եղավ քաղաքացիական ճակատ կամ շարժում ստեղծել , որի բուն նպատակը պետք է լինի քաղաքացիական անհնազանդությունը, իսկ հանձնաժողովները պետք է բաժանվեն ըստ ոլորտների:
Լսելով քաղաքացիների կարծիքները, Էդգար Վարդանյանը իր խոսքում ասաց, որ համաշխարհային պատմությունը ցույց է տալիս, որ նման իրավիճակներում կա երկու լուծում: «Մի մոտեցումն այն է, որ հասարակությունը ճակատ ստեղծելով, համախմբվելով ու քաղաքացիական խաղաղ անհնազանդություն կիրառելով, հասնում է նրան, որ իշխանությունները հրաժարական տան եւ ստեղծվում է ժամանակավոր խորհուրդ կամ կառավարություն, որն էլ իր հերթին կազմակերպում է նոր ընտրությունները: Իսկ երկրորդ տարբերակի համաձայն նույն նախաձեռնությունները կարողանում են ինքնակազմակերպվել, ճակատ ստեղծել եւ այնպիսի ճնշում իրականացնել, որ հենց ավտորիտար ռեժիմի կողմից կազմակերպվող ընտրությունների ժամանակ տեղի է ունենում այդ իշխանափոխությունը:
Երկու տարբերական էլ հնարավոր է: Խնդիրն այն է, որ երկուսի դեպքում էլ, ոչ թե պայքարում են առանձին էլեմենտների շտկելու ուղղությամբ, այլ ճնշում են իրականացնում: Ոչ թե զուտ բողոքում են, գանգատվում, դիմում տարբեր ատյանների եւ սպասում, թե ինչ-որոշում կկայացվի, այլ իսկապես ճնշելու միջոցով ստանում են իրենց համար դրական արդյունք եւ ժողովուրդը ձեւավորում է իշխանություն»,- բացատրեց Էդգար Վարդանյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























