Նոր Հայ ազգային կոնգրեսը կարող է խառնաշփոթ ստեղծել անվանումներում: Փետրվարի 15-ին` լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Արմենակ Դովլաթյանը` մեկնաբանելով դաշինքը կուսակցության վերածելու փաստը:
Նրա խոսքով, հարցն այն է, որ նույն անվանումով` ՀԱԿ, նշվելու են թե 2008թ. ստեղծված դաշինքը, որում ընդգրկված էր 18 քաղաքական ուժ, թե նորը: «Յուրաքանչյուրը կուսակցություն ստեղծելու սահմանադրական իրավունք ունի, ոչ ոք չի կարող ագելել: Բայց եթե գործող ՀԱԿ-ին զուգահեռ նորը ստեղծվի, դա որոշ խառնաշփոթի կհանգեցնի: Ես շատ հարգում եմ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նրա ավանդը`Հայ ազգային կոնգրեսի պես միավորում ստեղծելու գործում, բայց այս փուլում կուսակցության համար կարելի էր այլ անուն որոշել»,- ասել է Դովլաթյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին արդարադատության նախարարությունը կուսակցություն ստեղծելու հայտ էր ստացել, ՀԱԿ առաջին համագումարը կայանալու է մարտի 22-ին:




























