ԱԻՄ առաջնորդ, մահափորձի ենթրակված նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը փետրվարի 15-ի լույս 16-ի գիշերը մնացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: հիվանդանոցի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այժմ ան ռեաբիլիտացիոն շրջանում է, ընդունում է պրոցեդուրաներ, մասսաժներ, ֆիզիոթերապեֆտիկ միջոցառումները, աջ ձեռքի ցավը ավելի թեթեւացել է եւ ընդհանուր առմամբ վիճակը նորմալ է:

Այսօր համայցից հետո կորոշվի` դուրս է գրվում նա հիվանդանոցից, թե դեռ կմնա այնտեղ:

Ի դեպ, ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը  այսօր` փետրվարի 16-ին, ժամը 17.30-ին հանրահավաք է հրավիրել Ազատության հրապարակում: Դեռ վերջնական պարզ չէ`  Պարույր Հայրիկյանի մասնակցությունը հանրահավաքին, դա  կախված է նրա առողջական վիճակից, բայց ամենայն հավանականությամբ կմասնակցի:

Նշենք, որ Պարույր Հայրիկյանի աջ ձեռքի ցավերը ուժեղացել էին եւ նրան տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Մարզեր կատարած երկար այցելությունները վատ են անդրադարձել Հայրիկյանի առողջական վիճակի վրա: Իսկ այսօր նախատեսված  այցելությունը Լոռիի մարզ հետաձգվել է:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ է կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ,  հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Գործը հարուցվել է Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է տասներկուսից քսան տարի ազատազրկում կամ ցմահ դատապարտում): Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում,  փետրվարի 7-ին, Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են երկու տղամարդ` Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնք Երեւանում էին գտնվում անօրինական կերպով, առանց որոշակի զբաղմունքի, եւ ավելի վաղ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ են տվել: Մահափորձից հետո` փետրվարի 1-ին, Հայրիկյանը հայտարարել է, որ մտադիր է դիմել Սահմանադրական դատարան` ընտրությւնները հետաձգելու խնդրանքով: Այնուհետեւ նա մի քանի անգամ փոխել է իր որոշումը` մեկ հայտարարելով, որ դիմելու է, մեկ` որ դեռ որոշում չի կայացրել: Փետրվարի 10-ին Պարույր Հայրիկյանը դիմել է ՍԴ` երկու շաբաթով ընտրությունները հետաձգելու խնդրանքով, իսկ փետրվարի  11-ին նա ՍԴ-ից հետ է վերցրել իր դիմումը: Նույն օրը նա դուրս է գրվել հիվանդանոցից:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am