Ժողովրդի նպատակը կարող է լինել ընտրական մեխանիզմի վերականգնումը եւ ազատ ընտրությունների իրականցումը, իսկ կուսակցության նպատակը` իշխանության գալն է, առանց ընտրությունների` ժողովրդի հաշվին: Այս մասին, այսօր` փետրվարի 15-ին, ընտրական իրավունքը վերականգնելու թեմայով հրավիրված ֆորումի ժամանակ նշեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը:
Նրա խոսքով` դա է պատճառը, որ 20 տարի շարունակ Հայաստանը պահել են այս վիճակում: «Ժողովուրդը քանի անգամ ոտքի է կանգնել, բայց չի եղել արդյունք եւ երբեւէ չի լինելու, որովհետեւ հասարակությունը չի կարող իր նպատակները կապել ուրիշ նպատակների հետ: Ոչ մի կուսակցություն, երեւի չի պայքարի ազատ ընտրական մեխանիզմ հաստատելու համար, որ ուրիշ կուսակցություն ընտրվի: Սա անհնարին բան է»,- պարզաբանեց Մանվել Սարգսյանը:
Նրա ներկայացմամբ` կուսակցություններն օգտագործել են ժողովրդական պայքարը եւ ժողովրդին` իրենց խնդիրները լուծելու համար: Բայցեւայնպես, նա կարծում է, որ եթե կարողանանք ընդհանուր հայտարարի գալ, թե ինչ ենք մենք ուզում եւ ոնց ենք դա անում, անպայման, ընտրական իրավունքը վերականգնելու ձեւերը կգտնվեն:
Քաղաքագետը հիշեցրեց 1988թ-ի պայքարը, քանի որ ըստ նրա 87թ-ին ձեւակերպվել է հստակ խնդիր եւ մարդիկ միացել են այդ խնդիրը լուծելու համար: «Այդ շարժմանը միացած յուրաքանչյուր ոք շարժմանը միացել էր իր ստորագրությամբ եւ, ոչ թե հանուն այսինչի, այլ հանուն խնդրի լուծման: Դա դասական շատ հզոր քաղաքացիական շարժում էր: Աշխարհում ամեն մարդ չէ, որ գիտի, թե ինչ է նշանակում քաղաքացիական շարժում, այնինչ` մենք տեսել ենք: Մենք տեսել ենք մի բան, որին շատերը չեն հավատում: Մենք տեսել ենք, որ կարելի է ամբողջ ազգով քաղաքացիական անհնազանդություն հայտնել եւ հասնել խնդրի լուծման»,- հիշեցրեց Մանվել Սարգսյանը:




























