Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում Լեռնային Ղարաբաղը ներառել բանակցային գործընթացում: «Հորդորում ենք Մինսկի խմբի համանախագահներին՝ ապահովել, որ Լեռնային Ղարաբաղի կառավարությունն օր առաջ միանա բանակցային գործընթացին: Նշում ենք, որ ԵԱՀԿ համանախագահները բազմիցս, եւ վերջին անգամ հուլիսի 8-ին, կոչել են ներառել Լեռնային Ղարաբաղը»,- ասված է հայտարարության մեջ:

Համագումարը միաժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ է անում կատարել իր նախընտրական խոստումը. «Աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարատեւ ու կայուն կարգավորման ուղղությամբ, որն ընդունելի է բոլոր կողմերի համար, եւ հիմնված է ժողովրդավարության եւ ինքնորոշման սկզբունքներին Ամերիկայի հիմնարար նվիրվածությանը»:

Ամերիկայի հայկական համագումարը նաեւ դատապարտում է Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը: «Կոչ ենք անում Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Ռուսաստանի նախագահներին, որոնց երկրները համատեղ ծառայում են որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ, դատապարտել Ադրբեջանի չդադարող պատերազմի հռետորական ոճը եւ ռազմական գործողություններ վերսկսելու նրանց սպառնալիքները: Նոր պատերազմը ոչ միայն ի չիք կդարձի խաղաղության գործընթացը, այլեւ կհանգեցնի Հարավային Կովկասի ապակայունացման:

Համագումարը բոլոր հայերի հետ միասնաբար պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատությունը եւ անվտանգությունն՝ ի դեմս նման լուրջ արտաքին սպառնալիքների: Հայոց Ցեղասպանությունից ի վեր հայերի կրած տառապանքներն ու զոհողություններն առնվազն սրան են արժանի»,- նշել են հայտարարության հեղինակները: