Փետրվարի 14-ին եւ 15-ին Լիբանանում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել ՀՀ անձնագրերի հանձնման հանդիսավոր արարողություն: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Հանդիսավոր երդման արարողությունից հետո դեսպան Քոչարյանը 200-ից ավելի լիբանանահայերին հանձնել է ՀՀ քաղաքացու անձնագրեր։ Լիբանանում ՀՀ դեսպանությունը վերջին շաբաթների ընթացքում ՀՀ անձնագրեր է հանձնել նաեւ շուրջ 60 սիրիահայերի, որոնք քաղաքական զարգացումների բերումով ժամանակավոր բնակություն են հաստատել Լիբանանում: ՀՀ ԱԳՆ-ի տարածած այս տեղեկատվությունից կարելի է եզրակացնել, որ Սիրիայի հայ քաղաքացիների հետ մեկտեղ Հայաստան տեղափովելու ծրագրեր ունեն նաեւ հարյուրավոր լիբանանահայեր։ Հավանաբար, այս ամենի պատճառն այն է, որ ժամանակ առ ժամանակ տեղեկություններ են ի հայտ գալիս, որ նախագահ Բաշար Ասադի տապալումից հետո իրավիճակի ապակայունացում է սպասվում նաեւ Լիբանանում:
Համենայնդեպս, Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի որոշ փուլերում սիրիացի զինված ապստամբները բազմիցս մարտերը տեղափոխել են Լիբանանի տարածք։ Այս ամենը լիբանանահայերին, հավանաբար, ստիպում է ավելի հեռատես գտնվել եւ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել»,- գրում է «Հայկական ժամանակը»։


























