Մարզահամերգային համալիրի տնօրինությունը տասնյակ աշխատողների աշխատավարձի պարտք ունի: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։
«Երեկ համալիրի նախկին մի քանի աշխատակիցներ եւ նրանց շահերը պաշտպանող փաստաբանները ասուլիս էին հրավիրել` ներկայացնելու խնդիրը: Ելենա Կասպարովան համալիրում փաստացի աշխատել է մեկ տարի եւ 2012 թվականի հունիս ամսից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածը աշխատավարձ չի ստացել, որը, ըստ նրա, կազմում է մոտ 600 հազար դրամ: Փաստաբան Մարինե Գրիգորյանը, որը ներկայացնում էր մեկ այլ նախկին աշխատակցի` Արման Մեխակյանի գործը, ասաց, որ իր պաշտպանյալն աշխատել է գնումների բաժնում:
Ըստ Արման Մեխակյանի պաշտպանի, համալիրի տնօրինությունը դեռ մի բան էլ Մեխակյանին է դատի տվել` նրան մեղադրելով հիմնարկի գումարները պարտք մնալու մեջ: Տնօրինությունը 53 միլիոն դրամ տվել է Արման Մեխակյանին, որպեսզի նա որոշ իրեր գնի հիմնարկի համար, սակայն նա, ըստ տնօրինության վարկածի, գնումների կեսն է իրականացրել եւ գումարը հետ չի վերադարձրել:
Սակայն Ա. Մեխակյանը պնդում էր, որ հետ է տվել, բայց համալիրի տնօրինությունը դրամարկղի գրքույկի մեջ չի ձեւակերպել հետ տված գումարը: Սակայն, ինչպես Արման Մեխակյանի փաստաբանն ասաց, հետաքննության արդյունքում պարզվել է, որ Մեխակյանը գումարը տվել է եւ այժմ համալիրի տնօրինությունը գտնում է, որ 1 միլիոնից ավելի դրամ, այնուամենայնիվ, Մեխակյանը պարտք է հիմնարկին: Այժմ Արման Մեխակյանի տունը գրավի տակ է:
Փաստաբան Լիզա Գրիգորյանն այս գործի վերաբերյալ մեղավոր է համարում կազմակերպությանը՝ դրամարկղի գրքույկը ժամանակին չլրացված լինելու համար: Չնայած Ելենա Կասպարովան դիմել է դատարան, սակայն կազմակերպությունը ոչ մի հիմնավոր պատճառ չի ներկայացնում նրան`ասելով, որ գումար չկա: Փաստաբան Լիզա Գրիգորյանը, որը ներկայացնում էր համալիրի մեկ այլ աշխատակցի շահերը, նույնպես ասաց, որ աշխատավարձերը կանխիկ ձեւով են վճարվում, որը թույլ է տալիս գործատուին որոշ չարաշահումներ անել»,- գրում է «Առավոտը»:


























