Միասնական թեկնածուի չկայացման դեպքում այժմ անորոշություն է, եւ հավանական է առանձին-առանձին պարտվելը, որովհետեւ կա իշխանական լծակների առավելություն, որը միշտ լինում է իշխանավորի օգտին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը:

Նրա խոսքով՝ որպեսզի որեւէ խոսակցություն չլինի, ինքն առաջին քայլն արեց հրապարակավ: «Քանի որ նախնական քննարկում չի եղել, ամեն ինչ սկսեցի հրապարակային նամակից, որին պետք է լիներ հրապարակային արձագանք, բայց եղան տարօրինակ դրսեւորումներ, տեսա, որ մարդիկ զբաղված են իրենց քարոզարշավով, ես էլ ուղղակի գրավոր հայտարարեցի, մի փոքր կարճ նամակագրություն ունեցա թեկնածուներից մեկի հետ, սպասում էի համարժեք արձագանքի, սակայն նյութի առարկայական քննարկում տեղի չունեցավ, դա է  հիմնական պատճառը»,- նշեց նա՝ անդրադառնալով միասնական թեկնածուի չկայացմանը:

Պարույր Հայրիկյանը նշեց, որ ինքը պատրաստ էր ամեն ինչի, եւ միեւնույն է, եթե միասնական թեկնածու լիներ, վեց ամիս հետո հրաժարական կտար, քանի որ մտադիր է վերացնել նախագահի պաշտոնը: Նախագահի թեկնածուն ասաց, որ  մյուս թեկնածուները պատրաստ չէին դրան, «հետո պետք է խելք էլ ունենաս, որ ավելի լավ է  լինես հաղթած թիմում երրորդը, քան ինչ-որ տոկոս հավաքես»: Հայրիկյանը կարծիք հայտնեց, որ ինչ-որ անձանց մոտ դա բիզնես է: «Լավ էլ բիզնես է, Հայրիկյանի հետ միանան, հաղթեն, կաշկանդված պիտի լինեն Հայրիկյանով: Դպրոցականի հասկանալիք բանն իրենք չհասկացան, որ ավելի լավ է միասին հաղթել:  Եթե իրենք իրենց մեջ որոշում են ում են նախապատավություն տալիս, մնում էր մի թուղթ ստորագրել, ես լավ օրինակ եմ ծառայել հրապարակային հայտարարությամբ, ստացել եմ այդ մոտեցմանն անպատրաստ մարդկանց արձագանքը»,- նշեց նա: