Հայաստանի նախագահի թեկնածու Արման Մելիքյանը մտադիր չէ մասնակցել քվեարկությանը։ Այդ մասին նա հայտնել է այսօր՝ փետրվարի 16-ի մամուլի ասուլիսում։
Մելիքյանն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ սպասվող ընտրությունների լեգիտիմության հանդեպ վերաբերմունքը չի փոխվել։ Իսկ ընտրությունները ոչ լեգիտիմ եւ կեղծված համարող ընտրողներին կոչ է արել իր օգտին քվեարկել, բայց ոչ որպես թեկնածու Արման Մելիքյանին, այլ՝ որպես բողոքի նշան։ Նա ընտրությունները ոչ լեգիտիմ կճանաչի նույնիսկ սեփական հաղթանակի դեպքում։
Հարցին, թե պատրաստ է արդյոք շնորհավորել ընտրություններում հաղթած թեկնածուին, Մելիքյանը պատասխանել է, որ կարող է շնորհավորել նախագահի պաշտոնում հաստատվողին, բայց ոչ թե ընտրություններում հաղթողին, քանի որ սրանք ընտրություններ չեն։
Նա նաեւ հայտնել է, որ ընտրատեղամասերում վստահված անձինք չի ունենա, քանի որ նրանց մասնակցությունը գործընթացի հանդեպ ինչ-որ չափով վստահություն կնշանակի
Միաժամանակ, այն խախտումները, որոնց մասին խոսում է Մելիքյանը, հազիվ թե վստահված անձինք բացահայտեն հենց ընտրատեղամասերում։
Մելիքյանը որեւէ կերպ չի հստակեցրել, թե որտեղ են նման խախտումները կատարվում։ Ընդհանուր առմամբ, Մելիքյանի խոսքով, սրանք ոչ թե ընտրություններ են, այլ իշխանությունների վերարտադրություն։ Ինչ վերաբերում է հետընտրական գործընթացներին, ապա, Մելիքյանի գնահատականով, դրանք բարդ եւ հիվանդագին կլինեն, բայց ոչ թե բախումների, այլ բարոյահոգեբանական տեսանկյունից։ Թեեւ Մելիքյանը մտադիր չէ մասնակցել քվեարկությանը, այնուամենայնիվ պատրաստվում է կարծիք կազմել ընկերներից եւ ծանոթներից ստացած տեղեկություններից։ «Ընտրությունների մասին կարծիքս հետո կհայտնեմ եւ կփորձեմ խիստ անկողմնակալ լինել»։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am




























