Այսօր՝ փետրվարի 16-ին, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ սահմանային անվտանգության ապահովման եւ պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարության դրույթներով նախատեսված ծրագրերի իրականացման ընթացքը դիտարկող միջգերատեսչական հանձնաժողովի  նիստը:

Նիստում քննարկել են Հայաստանում սահմանային ենթակառուցվածքների արդիականացման համապարփակ գործընթացի վերջին զարգացումները:

Արթուր Բաղդասարյանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Սահմանային անվտանգության ապահովման խնդիրները մշտապես գտնվում են Հանրապետության նախագահի եւ Ազգային անվտանգության խորհրդի ուշադրության կենտրոնում, եւ սահմանային անվտանգության ապահովման ռազմավարության հաստատումից հետո մենք այս ոլորտում ունենք բավականին դրական զարգացումներ: Մենք բավականին արդյունավետորեն համագործակցում ենք Եվրոպական միության հետ Հայաստան-Վրաստան պետական սահմանի արդիականացման ուղղությամբ: Մեր աշխատանքները մտել են վճռորոշ փուլ, եւ մենք շուտով լավ արդյունքներ կգրանցենք` Բագրատաշեն, Բավրա, Գոգավան հատվածներում ունենալով միջազգային չափանիշներին համապատասխան սահմանային ենթակառուցվածքներ: Զարգացումները թույլ են տալիս մեզ պնդելու, որ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ողջ երկայնքով իրականացվող միջոցառումներն էլ ավելի կբարձրացնեն ու կամրապնդեն մեր սահմանային անվտանգությունը»:

Արթուր Բաղդասարյանի խոսքով` ձեռնարկված բարեփոխումները հնարավորություն կտան առավել արդյունավետ պայքարել սահմանային հանցավորության դեմ, հզորացնել պետական սահմանի գործառույթներին առնչվող պետական մարմինների վարչական կարողությունները եւ նաեւ լավ մեխանիզմներ ստեղծել խորացնելու երկկողմ համագործակցությունը ԵՄ անդամ երկրների եւ ՀՀ պետական սահմանին առնչվող պետական կառավարման մարմիների միջեւ:

Արթուր Բաղդասարյանը հավելել է, որ ԱԱԽ աշխատակազմի կողմից շարունակվում են սահմանային անվտանգության ապահովման եւ ամրապնդման հարցերով համագործակցությունը ԵՄ համապատասխան կառույցների հետ` մեթոդական եւ տեխնիկական աջակցության հարցերով, իսկ ԵՄ արտաքին սահմանների կառավարման գործակալության` FRONTEX-ի հետ համագործակցությունը ենթադրում է Հայաստանում միջազգային լավագույն փորձի ներդրում, Եվրամիության դեղին գրքի պահանջներին համապատասխան ժամանակակից սահմանային ենթակառուցվածքների գործունեություն, պետական սահմանի կառավարման ոլորտում ներգրավված պետական մարմինների վարչական կարողությունների հզորացում, տեխնիկական վերազինում, ինչպես նաեւ համատեղ վերլուծություններ եւ փորձի փոխանակում: 

ՀՀ սահմանային անվտանգության ապահովման ռազմավարությունից բխող 2011-2015թթ. ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել միջգերատեսչական հանձնաժողովի անդամները: