Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կրթաթոշակի հավաստագրեր է տրամադրել պետական բուհերի առկա ուսուցման առաջին եւ երկրորդ կուրսերի անվճար համակարգում չընդգրկված 810 ուսանողի: Բարձր առաջադիմություն, հասարակական ակտիվություն ցուցաբերած եւ սոցիալապես անապահով ընտանիքների մի խումբ ուսանողներին կրթաթոշակները հանձնել է անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կրթաթոշակ տրամադրելու նպատակով ՀՀ կառավարությունը հիմնադրամին է տրամադրել 60 միլիոն դրամ:
Շորհավորելով կրթաթոշակների արժանացած ուսանողներին՝ վարչապետը նշել է. «Արդեն երրորդ անգամ եմ մասնակցում նման միջոցառման եւ դրանով ես ցանկանում եմ շեշտել, որ այս հարցում մենք լինելու ենք հետեւողական: Կառավարության կարեւորագույն կարգախոսը եղել է հետեւյալը. ֆինանսական միջոցների բացակայությունը, հայկական ընտանիքներում առկա սոցիալական վիճակը չպետք է պատճառ դառնան, որպեսզի մեր տաղանդաշատ երիտասարդները չկարողանան ստանալ բարձրագույն կրթություն: Մեր ջանքերը մենք գործադրելու ենք հենց այդ ուղղությամբ: Այսուհետ եւս տաղանդավոր երիտասարդներին տրամադրվող ֆինանսական օժանդակությունն ավելացնելու ենք եւ տարեցտարի ձեզ ընձեռնվող հնարավորություններն ավելանալու են»:
Վարչապետը հիշեցրել է նաեւ «Լույս» հիմնադրամի մասին, որն աշխարհի լավագույն 10 բուհեր ընդունվող երիտասարդներին եւս ֆինանսական օժանադակություն է տրամադրում: «Ուրախ եմ, որ մենք ունենք երիտասարդների մի մեծ բանակ, որը բարձր է գնահատում Հայաստանի երիտասարդական եւ «Լույս» հիմնադրամների աշխատանքները»,- ասել է կառավարության ղեկավարը:
Կրթաթոշակ ստանալու մրցույթին դիմել է հանրապետության պետական բուհերի 1-ին եւ 2-րդ կուրսերի 1367 ուսանող: Մարզերի բուհերում սովորող ուսանողներից ընդունվել է 232 հայտ, նրանցից 158-ն արժանացել են կրթաթոշակի:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀ կառավարության աջակցությամբ ուսանողների ուսման վարձի փոխհատուցման ծրագիր իրականացնում է արդեն երրորդ տարին: Երեք տարիների ընթացքում փոխհատուցվել է 2150 ուսանողի ուսման վարձ: 2012 թվականի դեկտեմբերին ուսման վարձերի փոխհատուցում են ստացել նաեւ Հայաստանում սովորող 111 սիրիահայ ուսանողներ:


























