Հայաստանում քարոզարշավը ցույց տվեց, որ ընդդիմադիր հիմնական ուժը չսինխրոնացրեց իր գործողությունները։ Ոմանց համար դա հիասթափություն էր։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 16-ի մամուլի ասուլիսում նշել է «Քաղաքացիական հասարակության ու տարածաշրջանային առաջընթացի ինստիտուտի» համակարգող, փորձագետ Շուշան Խաթլամաջյանը։
Մամուլի ասուլիսի մյուս բանախոսը՝ քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը, նշել է. «Հայաստանի քաղաքական դաշտում առաջատարը պետության ղեկավարն էր, դա անթույլատրելի էր։ Թեեւ Հայաստանի հանրապետական կուսակցությունը դե յուրե խորհրդարանում մեծամասնություն է կազմում, ընտրությունների բնական գործընթացը խաթարվել է։ Հարկավոր էր այդ գործընթացը լրջությունից զրկել, եւ դա ինչ-որ չափով հաջողվեց, հետեւաբար այդ գործընթացի մասնակիցները նույնպես զրկվեցին լրջությունից։ Նախագահին թուլացնելու առաջադրանք կար, եւ այդ առաջադրանքը կատարվեց»։
Անդրադառնալով երկրի վրա արտասահմանյան խաղացողների ազդեցությանը՝ Բադալյանը նշել է, որ քարոզարշավի ընթացքում որակյալ մրցակցություն չի ապահովվել։ Փետրվարի 18-ից հետո կսկսվի քաղաքական առեւտուրը, եւ քանի որ այլ քաղաքական ուժեր էլ գոյություն ունեն, ճնշում կգործադրվի, անմիջապես կբարձրացվի Սերժ Սարգսյանի հաջորդի հարցը։ «Նրա նկատմամբ անլրջություն է ցուցաբերվում, իսկ արտասահմանցի դիտորդները դա հասկանում են, նրանք արդեն գիտեն՝ ինչ է այստեղ կատարվում»,- նշել է նա եւ հավելել, որ գործող նախագահը մոտ 700000 ձայն կստանա, իսկ քվեարկությանն ակտիվ մասնակցելու կոչերը ձեռնտու են միայն գործող իշխանություններին։




























