Թուրքիայից ռազմական եւ մարդկային մեծ աջակցություն ստացող եւ իրենց «Սիրիայի ազատ բանակ» կոչող ռազմականացված խմբավորման անդամները միջազգային հանրության լուռ հայացքի ներքո շարունակում են մարդկության դեմ հանցագործություններ գործել՝ կոտորելով, կտտանքների ենթարկելով խաղաղ բնակչությանը։
Թեեւ թուրքական մամուլը լծված է Սիրիայի կառավարության դեմ քննադատական հոդվածներ գրելուն եւ իրենց «Սիրիայի ազատ բանակ» կոչող խմբավորման գովերգմանը, թուրքական Milliyet-ի թղթակից Բունյամին Այգյունը հրապարակել է սիրիացի ընդդիմադիրների անմարդկային գործողությունների մասին տվյալները։
Թուրք լրագրողը նշել է, թե Դերայում, Հալեպում, Հումուսում, Դամասկոսում, Իդլիպում եւ այլուր ստեղծված են կտտանքների ենթարկելու ընդհատակյա կենտրոններ։
Milliyet-ի թղթակիցը պատմում է, թե իրեն հաջողվել է մտնել այդ ընդհատակյա կենտրոններից մեկը եւ ներկա գտնվել 2 սիրիացու հարցաքննությանը եւ կտտանքների ենթարկելուն։ «Ասադի հետ համագործակցության մեջ մեղադրվող 2 սիրիացիներին հարցաքննությունից հետո գետնին պառկեցրին եւ սկսեցին հարվածել մտրակով եւ երկաթե խողովակներով։ Այնուհետ, ընդդիմադիրներից մեկը մոտեցավ ինձ եւ առհամարանքով պահանջեց, որ իրեն հանձնեմ լուսանկարչական խցիկի հիշողության քարտը՝ ասելով, որ այն կվերադարձնի նկարները ջնջելուց հետո։ Դրանից հետո մի քանի անգամ Սիրիա գնալու ընթացքում փորձել եմ կապնվել այդ ընդդիմադիրի հետ, սակայն չի ստացվել։ Նա ուրիշների միջոցով փոխանցել էր, որ քարտը ուղարկելու է Գազիանթեփ։ Նա ուղարկեց քարտը, իհարկե, նկարները ջնջված էին, սակայն հատուկ ծրագրի միջոցով կարողացանք վերականգնել նկարները»,-գրել է Milliyet-ի թղթակիցը։






























