Ջրասույզները մանրակրկիտ հետազոտել են Չելյաբինսկի Չեբարկուլ լիճը, որի մեջ, ենթադրաբար, կարող էին ընկած լինել երկնաքարի բեկորները:Լճում բեկորների ոչ մի հետք չի հայտնաբերվել:

ԱԻՆ ղեկավար Վլադիմիր Պուչկովը հայտարարել է, որ երկնաքարի` Չեբարկուլ լիճն ընկնելու մասին տեղեկությունները «վարկածներից մեկն է»: Նախարարի խոսքով` բեկորները կարող են ընկած լինել երեք այլ տեղերում: ԱԻՆ փորձագետները բեկորները փնտրում են բոլոր հնարավոր տեղերում, սակայն դեռ ոչինչ չի հայտնաբերվել, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Նախօրեին ՆԳՆ տարածաշրջանային կառավարությունը հաղորդել է, որ Չեբարկուլ լճի շուրջ փոսեր կան, որոնք իբր երկնաքարի ընկնելու հետեւանքն են, եւ հայտնաբերվել են 0,5 սանտիմետր տրամագծով պինդ նյութեր:

Ուրալի վրա երկնաքարն ընկել է փետրվարի 15-ի առավոտյան: Երկնաքարի ընկնելու հետեւանքով տուժել են ավելի քան հազար մարդ: Նրանցից 50-ը հոսպիտալացվել է: Տարածաշրջանում երկնաքարի պատճառած նյութական վնասը անցել է մեկ մլրդ ռուբլուց: