Արմավիրի մարզում այսօր` փետրվարի 16-ին, մոտ մեկ ժամ առաջ, վիճաբանություն է եղել, հնչել են կրակոցներ: Շրջանառվող տեղեկությունների համաձայն` Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի որդին, ով զինծառայող է, Արմավիրի Բաղրամյան պողոտայում կրակել է մի խումբ տղաների վրա։
Քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքեց իր որդու մասնակցությունը միջադեպին: Նա նշեց, որ դա սխալ տեղեկություն է, իր որդին կապ չունի այդ միջադեպի հետ, նա զինծառայող է, այժմ հայրենիիքի նկատմամբ պարտքն է կատարում եւ «բան չկա, որ չտարածեն, որի մեջ Խլղաթյանն ու իր ընտանիքը մեղավոր չլինեն»: Այլ մանրամասներ նա չհաղորդեց` նշելով, որ զբաղված է եւ անջատելով հեռախոսը:
Միջադեպի վերաբերյալ ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ վիճաբանություն է եղել երիտասարդների միջեւ, վիճաբանության բոլոր մասնակիցները գտնվում են ոստիկանության Արմավիրի բաժնում, հանգամանքները պարզվում են: Մեր տեղեկություններով` վիճաբանությունը երիտասարդների միջեւ ծագել է վազանցման պատճառով, ինչի պատճառով նրանք վիճել են, երիտասարդներից մեկն էլ օդամղիչ ատրճանակով օդ է կրակել:




























