Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների հանդեպ Հայաստանի քաղաքացիների պասիվ հետաքրքրությունը իրականությունը չի արտացոլում: Այս մասին այսօր` փետրվարի 16-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը:

«Այն կարծիքը, թե հասարակության լայն զանգվածը ներգրավված չէ քաղաքական գործընթացում` իրականությանը չի համապատասխանում: Նման տեսակետը հիմնված է տեսանելի երեւույթների վերլուծությունների վրա: Կան «թաքուն մասնակցություններ»: Թեեւ այսօր մասսայական բողոքի ցույցեր չկան, բայց ես կարծում եմ, որ այդ «թաքուն մասնակցությունները» կարող են հանգեցնել անսպասելի արդյունքների»,-նշել է փորձագետը:

Ըստ նրա` ընդդիմադիր քաղաքական գործիչները խաղում են մարդկանց զգացմունքների հետ` ցույց տալով, որ նրանք այլ ելք չունեն: Այս ընտրությունների հիմնական հարցերից մեկը հետեւյալն է.  Իմաստ կա արդյոք` մասնակցել գործընթացին: «Ակնհայտ է, որ հասարակության զգալի մասը հիասթափվել է ընտրությունների ինստիտուտից, բայց մի մասն էլ կարծում է, որ ակտիվ պայքարի միջոցով հնարավոր է հասնել հեղափոխական իրավիճակի եւ հաղթանակի».- նշել է Վարդանյանը: Նա նաեւ նշել է, որ մոտ ժամանակներում իրենց տեղը կունենան քաղաքացիական ակտիվ նախաձեռնությունները` քաղաքական համակարգում նոր, ավելի լուրջ բարեփոխումների հասնելու համար: