Իշխանությունները պետք է պատրաստ լինեն այն բանին, որ նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո դառնալու են ընդդիմություն։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 16-ի մամուլի ասուլիսում նշել է նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը։

«Իշխանությունները խուճապի մեջ են եւ հենց այդ պատճառով էլ սկսել են նախընտրական կաշառք բաժանել: Նրանք պետք է պատրաստ լինեն, որ ընդդիմություն են դառնալու, եւ դրանում ոչ մի վատ բան չկա: Մենք ինքներս քանի տարի է՝ ընդդիմություն ենք: Դա մահացու չէ եւ չպետք է ջղաձգումների՝ ընտրակաշառք բաժանելու,  ընտրական օրենսգրքի մի շարք խախտումներ կատարելու առիթ դառնա», - ասել է Խուրշուդյանը: Նա կրկին Հանրապետական կուսակցությանը կոչ է արել նման քայլերի չդիմել, քանի որ դրանք, միեւնույն է, ապարդյուն են անցնելու: