Եթե գործող նախագահ Սերժ Սարգսյանը շախմատ խաղացող է, ապա պետք է ավելի արագ եւ համարձակ խաղա։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 16-ի մամուլի ասուլիսում նշել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը։
Նրա համոզմամբ՝ Հայաստանի իշխանությունները պետք է քաղաքական բարեփոխումներն ավելի արագ եւ արդյունավետ իրականացնեն։ Հարցին, թե նախագահական ընտրություններից հետո հնարավո՞ր է արդյոք որեւէ ըմբոստացում, նա պատասխանել է, որ նման հավանականություն չի տեսնում։ «Մենք Հայաստանում ընդդիմության կրախի ականատես դարձանք։ Ոչ ԲՀԿ-ին, ոչ ՀՅԴ-ին, ոչ էլ ՀԱԿ-ին ես չեմ կարող ընդդիմություն համարել։ Նորմալ ժողովրդավարական երկրներում քաղաքական կուսակցությունները քաղաքական առաջնորդներ են «ծնում»։ Հայաստանում հակառակ իրավիճակն է. ուժեղ առաջնորդները կուսակցություններ են հիմնում։ Հասարակությունն այլեւս Արթուր Բաղդասարյանի կամ Արտաշես Գեղամյանի նման արհեստական թեկնածուներ ունենալու համբերություն չունի», - նշել է Ռիչարդ Կիրակոսյանը։
Նա նաեւ հավելել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Հրանտ Բագրատյանը առաքելություն են կատարում՝ փորձելով ինչ-որ գաղափարներ ներմուծել։ Սակայն, ընդհանուր առմամբ դա պրոֆեսիոնալ քաղաքականություն չէ, քարոզարշավ եւ ռազմավարություն չկա։ Հնարավոր է, մենք ստանում ենք այն, ինչի արժանի ենք», - ասել է քաղաքագետը՝ հավաստիացնելով, որ սա Հայաստանի ներկա քաղաքական պատմության վերջին էջն է, եւ որ երկրում նման ընտրություններ այլեւս չեն լինի։




























