Հայաստանի նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը չի ափսոսում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար վատնած ժամանակը եւ գործադրած  ջանքերը։

Թեեւ հիշյալ ծրագիրը ձախողվեց, սակայն դա նույնպես դրական արդյունք է, փետրվարի 16-ին՝ նախընտրական քարոզարշավի վերջին օրը, Երեւանի Կենտրոն վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ընթացքում ասել է նա։

 «Ես Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում էի ցանկանում։ Դա կարեւոր էր քաղաքական եւ բարոյական տեսանկյունից։ Այդ նախագիծը չհաջողվեց կյանքի կոչել, սակայն ես չեմ ափսոսում ծախսած ժամանակն ու ջանքերը։

Ժամանակին խիստ քննադատություն էր հնչում եւ ուժեղ հակազդեցություն կար, ընդ որում՝ ոչ միայն Երեւանում եւ Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում։

Այդ կապակցությամբ ստիպված էի աշխարհով մեկ շրջագայել՝ մեր տեսակետը հայրենակիցներին հասցնելու եւ նրանց կարծիքը լսելու համար։ Թեեւ այդ ծրագիրը ձախողվեց, սակայն դա նույնպես դրական արդյունք է», - ասել է նա։

«Մեզ փորձում էին ապացուցել, որ Թուրքիայի հետ արձանագրությունների ստորագրումը կհանգեցնի Լեռնային Ղարաբաղի կորստին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի դադարի, ազգային գաղափարներից հրաժարվելուն։ Ոչ մեկը, ոչ մյուսը, ոչ էլ երրորդը տեղի չունեցավ։ Մտածեք ինքներդ, եթե թուրքական կողմին ձեռնտու էր այդ արձանագրությունների ստորագրումը, ապա ինչո՞ւ են նրանք հրաժարվում: Ի՞նձ են խղճում: Նշանակում է՝ հարցեր կան», - ասել է Ս. Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան փետրվարի 18-ին: Բացի գործող նախագահից, մասնակցում են եւս վեց թեկնածուներ: