Այսօր՝ փետրվարի 16-ին, Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում դիտորդական առաքելությամբ գտնվող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլյորիին, ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Տոնինո Պիցուլային եւ ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալ Թինա Շոնին:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա նախագահական ընտրությունների ընթացքին վերաբերող հարցեր: Երկուստեք կարեւորվել է ազատ եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը եւ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական գործընթացներում առաջընթացի գրանցումը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելությունն անաչառ գնահատական կտա նախագահական ընտրություններին: Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է համապետական ընտրություններում միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից իրականացվող դիտորդական առաքելությունները` որպես մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման կարեւոր խթան: «Մենք աշխատել ենք մինչեւ առաջիկա ընտրությունները լուծում տալ նախորդ ընտրություններից հետո միջազգային դիտորդական առաքելությունների արձանագրած թերություններին: Հայաստանի իշխանությունները ունեն քաղաքական կամք եւ շահագրգռվածություն` անցկացնելու 2013 թվականի նախագահական ընտրությունները էլ ավելի բարձր մակարդակով եւ եվրոպական չափանիշներին համապատասխան»,-նշել է Հովիկ Աբրահամյանը:




























