Հայաստանի նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն, այսօր՝ փետրվարի 16-ին, իր քարոզարշավի վերջին օրն սկսել է երկրի հիմներգի կատարմամբ՝ ձեռքը դնելով սրտին (ֆոտոռեպորտաժ): Թեկնածուի հետ Հայաստանի հիմներգը կատարել են դահլիճում բոլոր հավաքվածները: Հիմներգի ավարտից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը ծնկի է իջել եւ համբուրել Հայաստանի դրոշը:
Դահլիճը դրան արձագանքել է բուռն ծափահարություններով եւ «Րաֆֆի նախագահ» վարկարկումներով: Նախագահի թեկնածուն առաջարկել է «Րաֆֆի նախագահի»-ի փոխարեն վանկարկել «Հայաստան»: Նրա խոսքով՝ երկու օրից կորոշվի Հայաստանի ճակատագիրը եւ հենց ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրն ու ապագան:
Նա նաեւ նշել է, որ ոչ ոք իրավունք չունի խանգարել ժողովրդին փետրվարի 18-ին արտահայտել իր կամքը, ոչ ոք իրավունք չունի ծաղրել իր երկրի ապագան փոխելու ժողովրդի զգացմունքները եւ ցանկությունները:
Հովհաննիսյանը նաեւ ընդգծել է, որ խոստանում է առաջիկա 5 տարում լինել քաղաքացիների կողքին, բարելավել նրանց սոցիալական վիճակը, լուծել անհանգստացնող խնդիրները: «Ես կլինեմ գյուղացու կողքին, գործարարի կողքին, աշխատավորի կողքին, Ղարաբաղի ազատագրական պատերազմում զոհվածների ընտանիքների կողքին: Մեր ժողովուրդն ավելիին է արժանի, եւ մենք փետրվարի 18-ին կփոխենք մեր համաքաղաքացիների յանքը»,- ամփոփել է Րաֆֆի Հովհաննիսյանը:




























