Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, նախընտրական հանդիպման ժամանակ հատուկ ընդգծել է  Վրաստանի օրինակը նրանց համար, ովքեր  փորձում են ապացուցել, որ նախագահի եւ վարչապետի` մեկ կուսակցության ներկայացուցիչ լինելը բացասաբար է անդրադառնում երկրի վրա:  Երեւանի Կենտրոն վարչական շրջանում քարոզարշավի վերջին օրը`  փետրվարի 16-ին ընտրողների հետ հանդիպմանը մեկնաբանելով Վրաստանում իրավիճակը, նա նշեց, որ «երկրի զարգացման կարեւոր երաշխիքը  նրա կայունությունն է»:

«Դա երկրի ներքին գործն է, բայց մեծ հաշվով, լավ օրինակ է նրանց համար, ովքեր ցանկանում էին ապացուցել, որ նախագահի եւ վարչապետի կուսակիցներ լինելու հանգամանքը բացասաբար կանդրադառնա երկրի վրա: Մեկ կուսակցություն ներկայացնելը, իհարկե, հաւջողության երաշխիք չէ, իսկ տարբեր կուսակցությունների պատկանելը թշնամանք չի ենթադրում: Թեեւ, մեծ հաշվով, այդպես էլ լինում է»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Վրաստանում հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում հաղթեց ընդդիմադիր «Վրացական երազանք» կուսակցությունը, իսկ նրա ղեկավար Բիձինա Իվանիշվիլին զբաղեցրեց վարչապետի պաշտոնը, նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կուսակցությունը դարձավ ընդդիմություն: