Պետությունը փորձում է օգնել ոչ միայն սահմանամերձ գյուղերին, այլ գյուղատնտեսությանն ընդհանրապես: Երեւանի Կենտրոն վարչական շրջանում քարոզարշավի վերջին օրը` փետրվարի 16-ին ընտրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը:
Ինչ վերաբերում է կոնկրետ սահմանամերձ գյուղերի օգնությանը, նախագահի խոսքով, նրանք ազատվում են հողի հարկից եւ մասնակի` ջրի վարձավճարից: «Խոսքը գնդակոծության տակ գտնվող տարածքների մասին է»,-ասաց նա:
Խոսելով գյուղատնտեսության մասին ընդհանրապես, նախագահի թեկնածուն նշեց, որ արդեն մի քանի տարի գործում է արտոնյալ պայմաններով վառելիքի հատկացման ծրագիրը: «Անցած տարի իրացման հետ խնդիր չի եղել, մնում է լուծել տեխնիկայի հարցը: Կարծես թե, այդ հարցերի լուծումից հետո գյուղատնտեսության հետ կապված այլ խնդիրներ չեն կարող լինել, բայց գյուղերում կան ուրիշ խնդիրներ նույնպես` ճանապարհների, դպրոցների շենքի ներոգման եւ այլ կենսական նշանակության հարցեր»,-ասաց նախագահը:




























