Վերջին ժամանակներս ամենաշատ օգտագործվող տերմինների շարքին է դասվել նաեւ «հեղափոխություն» բառը. օրինակները շատ են` Վրաստան, Ուկրաինա, արաբական երկրներ, բայց եւ մեր կյանքում էլ եղել է մեր սեփական հեղափոխությունը` ոչ թե իշխանափոխության իմաստով, այլ ճակատագրի փոփոխման եւ ազատ ապրելու ձգտման իմաստով: Այս մասին այսօր` փետրվարի 16-ին, Երեւանի Կենտրոն վարչական շրջանում, ընտրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, երկրի գործող նախագահ Սերժ Սարգսյանը:
«25 տարի առաջ սկսվել է ղարաբաղյան շարժումը եւ այդ ժամանակ ոչ ոք չէր գիտակցում, թե ինչ մեծ փոփոխություններ դա կմտցնի մեր կյանքում, ինչպես կփոխի ճակատագրերը: Արդյունքը փայլուն է` անկախ Հայաստան եւ ազատ Արցախ: Բնականաբար, այդ նպատակներին հասնելու համար կորուստներ ենք ունեցել, դժվարություններ ենք ապրել: Այս մասին երբեք չի կարելի մոռանալ: Բայց այդ տարիներին ի հայտ է եկել մի վտանգավոր սովորույթ. շատերն էին ցանկանում ղեկավարել եւ առաջնորդվում էին հետեւյալ սկզբունքով. ինչո՞ւ ինձ պետք է ղեկավարեն, այլ ոչ թե` ես: Ինչո՞վ եմ վատը: Շատերը չէին դիմանում գայթակղությանը եւ ընկնում էին հեղափոխության մոլուցքի տակ: Ըստ տրամաբանության` եթե մի անգամ հաջողվել է, ուրեմն կարելի անընդհատ փորձել: Այդպիսի տրամադրությունը տանում է դեպի հեղափոխական բռնությունների փակ շրջան եւ ոչ մի լավ բան չի խոստանում: Դա ինքնավերացման ճանապարհ է: Այն անընդունելի է մեզ համար»,-ընդգծել է Սարգսյանը:
Գործող նախագահի խոսքով` նմանատիպ երեւույթներ տեղի են ունեցել այլ երկրներում եւ դրա դեմ մշակված գործող մեխանիզմը Սահմանադրությունն է: «Մեր Սահմանադրությունը թույլ է տալիս խուսափել իշխանության բռնազավթումից եւ միաժամանակ նաեւ իշխանությունը բռնի պահելուց: Այժմ Հայաստանում Սահմանադրական հեղափոխություն է կատարվում»,- ընդգծել է նա:
Անդրադառնալով մրցակիցների քարոզարշավներին` Սերժ Սարգսյանն օրինակ է բերել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, նշելով. «Ինչպիսի գեղեցիկ քարոզարշավ է` բազմաթիվ ձեռքսեղմումներով լի: Շատերը դրան հեգնանքով են վերաբերում, իսկ իրականում Րաֆֆի Հովհաննիսյանը փոխում է մշակույթը` ցույց տալով, որ ընդդիմադիր լինել չի նշանակում ատելություն տարածել»:
Համաձայն չլինելով իր մյուս մրցակցի` Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի մոտեցումներին, Սերժ Սարգսյանն այնուամենայնիվ նշել է, որ հետաքրքրությամբ հետեւում է նրա հարցազրույցներին եւ այլընտրանքային ուղի առաջարկելու ձգտումներին: «Նույնիսկ եթե դու արմատապես համաձայն չես մրցակցիդ հետ, անհրաժեշտ է հնարավորություն տալ նրան արտահայտվել»,-ասել է Սերժ Սարգսյանը եւ հիշեցրել, որ 2008 թվականին երկիրն իր վրա կրել է համաշխարհային ճգնաժամի հետեւանքները: Նրա խոսքով` դեռ շատ գործ կա անելու, հաշվի առնելով, որ բոլորը չէ, որ աշխատանքի հնարավորություն ունեն եւ անհրաժեշտ է բարելավել երկրի մարզերի կենսամակարդակը: «Սակայն դրված նպատակներին հասնելու համար մենք փայլուն հնարավորություններ ունենք»,- ամփոփել է Սերժ Սարգսյանը:




























