Թեհրանը տեղեկացրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ), որ հարստացված ուրանի արտադրությունը սկսելու է մի քանի օր հետո:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված ՄԱԿ-ի փաստաթուղթը, չորեքշաբթի, երբ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները ժամանել են ձեռնարկություն, նրանց տեղեկացրել են, որ Իրանը, փորձակումներ անելու համար, երեկոյան ցածր հարստացված ուրանը բեռնել է ցենտրիֆուգներից մեկի մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին Թեհրանը հայտարարել էր, թե սկսել է ուրանի 20-տոկոսանոց հարստացումը, սակայն փաստաթղթում ասված է. «Մեզ հայտնել են, որ ուրանի հարստացման աշխատանքները սկսվելու են մի քանի օրից»:
Միեւնույն ժամանակ նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել է, որ Թեհրանը չի ձգտում ատոմային զենք ստեղծել եւ կարող է իրեն պաշտպանել առանց դրա: «Մենք սկզբունքորեն դեմ ենք ատոմային զենքին եւ անկեղծ ասում ենք, որ չենք ձգտում ատոմային ռումբի ստեղծմանը»,- Ահմադինեջադի խոսքերն է մեջբերել ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նշենք, որ փետրվարի 7-ին լազերային տեխնոլորգիաների ցուցահանդեսի ժամանակ Ահմադինեջադը հայտարարել էր, թե հանձնարարել է փոխնախագահ Սալեհիին սկսել հարստացման աշխատանքները:




























