Գիտնականները հայտնաբերել են փետրվարի 15-ի առավոտյան Չելյաբինսկում ընկած երկնաքարի բեկորները: Դրանք հայտնաբերվել են  Չեբարկուլ լճի շրջանում: Ուրալի Դաշնային համալսարանի գիտնականները նույնիսկ ուղիղ հեռարձակում են վարել լաբորատորիայից, որտեղ գտնվում են երկնաքարի` մինչեւ 1 սմ երկարությամբ սեւ գույնի բեկորները:

Գիտարշավի ղեկավար Գիտությունների ակադեմիայի երկնաքարերի հարցերով հանձնաժողովի անդամ Վիկտոր Գրոխովսկին համացանցում կեսգիշերին մեկնաբանություն է գրել: «Մենք հենց նոր ավարտեցինք ուսումնասիրությունը եւ հաստատում ենք, որ Ուրալի Դաշնային համալսարանի  արշավախմբի հայտնաբերած նյութի մասնիկները երկնաքարային բնույթ ունեն: Դա քար է` շուրջ 10% երկաթի պարունակոթյամբ: Ամենայն հավանականությամբ, այն կանվանվի «Չեբարկուլ»:

«Մայակ» ռադիոն հաղորդում է, որ դեռ փետրվարի 16-ի երեկոյան ԱԻՆ-ը դադարեցրել էր որոնումները, հետ էին կանչել ջրասուզորդներին, Զվյագինո եւ Կուվաշի գյուղերի մերձակայքում դադարեցրել էին երկնաքարի որոնումները: