ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդներն այցելել են Երեւանի կենտրոնական Պարոնյան փողոցի ընտրատեղամաս: Ժամը 07.40 տեղում լինելով` դիտորդները ծանոթացել են ընտրատեղամասի բացման նախապատրաստություններին:

Նախընտրական քարոզարշավին նրանք արդեն ծանոթացել էին սեփական դիտակումներով, պետական մարմինների եւ թեկնածուների հետ հանդիպումներով: Ընտրատեղամասային հանձնաժողովի նախապատրաստությունների առթիվ դիտողություններ չեն եղել: «Մենք միայն նկատեցինք, որ ընտրատեղամասում ներկա է միայն մեկ թեկնածուի (Սերժ Սարգսյան) վստահված անձը: Սակայն, կարծում եմ, մյուսներն էլ կգան», – նշել է ԱՊՀ ՄԽՎ դիտորդական խմբի համակարգող,  Մոլդովայի խորհրդարանի Ազգային անվտանգության, պաշտպանության եւ հասարակական կարգի հարցերի հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Ստոյանոգլոն: Ըստ նրա` դիտորդները մի շարք հանդիպումներ են անցկացրել ընդդիմադիր թեկնածուների հետ եւ ծանոթ են նաեւ նրանց  ներկայացրած իրավիճակին:  

ԱՊՀ ՄԽՎ Խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւը նշել է, որ դիտորդները կայցելեն ոչ միայն Երեւանի, այլեւ մարզերի ընտրատեղամասեր ` մշտական կապի մեջ գտնվելով միմյանց հետ:  «Ընդհանուր առմամբ, ընտրություններին նախապատրաստվելը կատարվել է բավական բարձր մակարդակով», – հայտնել է նա:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Հայաստանում նախագահական ընտրություններ են, որոնց մասնակցում են յոթ թեկնածուներ, այդ թվում`  գործող նախագահ Սերժ Սարգսյանը: 1988 ընտրատեղամասերը բացվել են ժամը 08.00-ից եւ կփակվեն 20.00-ին: