Մախաչկալայի Նոր ավտոկայանատեղից ոչ հեռու գտնվող «Տիմուր» սրճարանի մոտ փոխհրաձգության հետեւանքով զոհվել է երեք մարդ: Քննիչները փորձում են պարզել միջադեպի հանգամանքները: Ըստ նախնական տվյալների` փոխհրաձգությունը տեղի է ունեցել հաստատության այցելուների միջեւ վեճի պատճառով:
Ականատեսները հայտնել են, որ ոգելից խմիչքներ ընդունելուց հետո երեք տղամարդ, դուրս գալով հաստատությունից, սկսել են վիճել, գրում է LifeNews-ը:
Կողքով անցնող թաղայինը ճիչ է լսել եւ շտապել է կարգուկանոն հաստատելու, սակայն չի կարողացել հանգստացնել երեք տղամարդկանց եւ կրակել է ծառայողական զենքով: Ըստ նախնական տվյալների` թաղայինը նախազգուշական կրակոց է արձակել, սակայն դա չի կանգնեցրել կռվողներին:
Դաղստանի ՆԳՆ-ի հաղորդագրությունը վկայակոչելով` rbc-ն հաղորդում է, որ կռվողներից մեկը փորձել է ոստիկանի մոտից խլել ծառայողական զենքը: Դիմադրող ոստիկանը նախազգուշական կրակոց է արձակել օդում: Երեք խուլիգանները հարձակվել են ոստիկանի վրա եւ փորձել խլել զենքը: Ծեծել են, գցել գետին: Կռվի ժամանակ ոստիկանը կրակել է խուլիգաններին: Ստացված վնասվածքներից երեքն էլ տեղում մահացել են:




























