Հայաստանի ոստիկանությունը հերքում է Հայաստանի նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառումը, թե ՀՀ տարբեր բնակավայրերի ընտրողներ ներգրավվել են Երեւան քաղաքի ընտրական տեղամասերի լրացուցիչ ցուցակներում` չհանվելով իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակներից:

Ոստիկանության հայտարարությունում ասվում է.

«Համացանցային կայքերում տարածվել է ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի Facebook-ի էջում կատարված գրառումը, համաձայն որի` ՀՀ տարբեր բնակավայրերի ընտրողներ ներգրավվել են Երեւան քաղաքի ընտրական տեղամասերի լրացուցիչ ցուցակներում` չհանվելով իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակներից:

ՀՀ ոստիկանությունը ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ համացանցում տարածված  տեղեկատվությունն ակնհայտ հերյուրանք է:

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, որպես ՀՀ ընտրողների ռեգիստրը վարող մարմին, հավաստիացնում է, որ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ընտրողի տվյալները ժամանակավորապես հանելու եւ ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ քաղաքացիների կողմից ներկայացված դիմումները քննարկվել եւ որոշումները կայացվել են ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի պահանջների հստակ պահպանմամբ: Ընդ որում, այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված եւ ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված ընտրողների թիվը կազմում է 14.285, իսկ 2012 թվականի մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների ժամանակ այդ թիվը կազմել է 15.399:

ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածով նախատեսված բոլոր լրացուցիչ ցուցակները կազմվել են բացառապես ծրագրային ապահովմամբ` ավտոմատ եղանակով, ինչը բացառում է միեւնույն ընտրողի տվյալների կրկնությունը հիմնական եւ լրացուցիչ ցուցակներում:

Ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ ցուցակները ՀՀ ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխան, լիազոր մարմնի կողմից տպագրվել եւ տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին են հանձնվել միաժամանակ:

Ինչ վերաբերում է ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսված ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելուն, ապա այն քաղաքացու սուբյեկտիվ իրավունքն է, որը կոչված է  ապահովել քաղաքացիների ընտրական իրավունքի առավել արդյունավետ իրականացմանը,  եւ ոստիկանությունը որեւէ իրավական ակտով իրավասու չէ սահմանափակելու այն:

ՀՀ ոստիկանությունը կրկին անգամ հորդորում է զերծ մնալ չճշտված, առանց կոնկրետ փաստերի  ու  իրավական հիմնավորման   տեղեկությունների տարածումից:

ՀՀ ոստիկանությունը  պատրաստակամ  է իր լիազորություններին  վերաբերվող  ցանկացած հարցի  վերաբերյալ  պարզաբանումներ տալու, ինչպես եւ  իրավախախտումները  կանխելու,  բացահայտելու   հարցերում   թեկնածուների, քաղաքացիների,  դիտորդական կազմակերպությունների հետ համագործակցելու  հարցում»: